չորեքշաբթի, 13 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ողջույնի ուղերձ է հղել Հայաստանի շինարարների միության երկրորդ համաժողովին, որում մասնավորապես ասված է.
«Համաժողովի հարգելի մասնակիցներ և հյուրեր,
Շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի շինարարների միության երկրորդ համաժողովի կապակցությամբ:
Հայտնի է, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը աշխարհին ներկայացել է շինարարական իր բարձր արվեստով, ճարտարապետական ուրույն ու անկրկնելի ոճով, պատմամշակութային ինքնատիպ արժեքներով: Այսօր, երբ մենք կերտում ենք մեր ազատ ու անկախ պետականությունը, այդ ամենի ոչ միայն պահպանումն ու պաշտպանությունը, այլև հետագա զորացումն ու զարգացումը առավել կարևորություն են ստանում: Այդ գործընթացում, բնականաբար, մեծ է նաև ոչ-կառավարական կազմակերպությունների, մասնավորապես, Հայաստանի շինարարների միության դերը, որի շուրջ համախմբված ավագ, միջին և կրտսեր սերնդի շինարարների ջանքերի համատեղումը ցանկալի արդյունքներ կարող է ապահովել:
Հայ ժողովուրդը միշտ էլ մեծագույն հարգանքով է վերաբերվել իր շինարարներին, նրանցից ամենաարժանավորներին պատվելով «Վարպետ» կոչումով: Եվ դա, անկասկած, մեծագույն պարգևն է ամեն մի շինարարի համար: Ջանացեք արժանի լինել ժողովրդի այդ բարձր գնահատանքին:
Հաջողություններ և արգասավոր ընթացք եմ մաղթում համաժողովի աշխատանքին»: