հինգշաբթի, 14 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Քննարկվել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել 2005թ. փետրվարին կառավարության որոշմամբ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու սեփականությունը հանդիսացող վանքերի ու եկեղեցիների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ու պետական գրանցում ստացած հողամասերը անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն օտարման, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի բարեփոխմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Վարչապետը և Վեհափառ Հայրապետը տեղեկություններ են փոխանակել վերջին շրջանում իրենց ունեցած այցերի՝ մասնավորապես, Գարեգին Երկրորդի Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած հովվապետական այցի և Անդրանիկ Մարգարյանի Վրաստան կատարած աշխատանքային այցի արդյունքների վերաբերյալ: Վարչապետը զրուցակցին ծանոթացրել է նաև Վրաստանի վարչապետի և խորհրդարանի նախագահի հետ իր հանդիպումների ընթացքում ջավախահայության հիմնախնդիրների, Վրաստանի տարածքում գտնվող հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման, այդ երկրում Հայ Առաքելական եկեղեցու թեմի գործունեության կարգավորման և այլ հարցերի շուրջ անցկացված քննարկումներին: