ուրբաթ, 15 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Տյագլոյին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման ընթացքը գնահատելով արդյունավետ, վարչապետն ընդգծել է նաև պարոն Տյագլոյի ներդրումը այդ գործում: Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին անցած երեք տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար, հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումից հետո ևս երկու երկրների միջև ստեղծված կապերն ու համագործակցությունը նույն հաջողությամբ կզարգանա:
Վլադիմիր Տյագլոն իր հերթին երախտագիտություն է արտահայտել իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես կառավարության և վարչապետի կողմից ցուցաբերված աջակցության համար, նշելով, որ ամենաջերմ զգացումներով ու տպավորություններով է հեռանում Հայաստանից: