ուրբաթ, 15 հուլիսի 2005
Այսօր կառավարությունում, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի, քաղաքաշինության նախարարների տեղակալները, ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների, պետական գույքի կառավարման վարչությունների պետերը, Լոռու և Շիրակի մարզպետները, կառավարության աշխատակազմի պատասխանատու աշխատակիցներ:
Խորհրդակցությունում քննության է առնվել և ի գիտություն ընդունվել Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում, Գյումրի և Ստեփանավան քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների, ինչպես նաև 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված անձանց առաջնահերթ բնակարանային ապահովման ծրագրի իրականացման ընթացքի մասին միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբերի ղեկավարի հաղորդումը: Ամփոփելով նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները, ՀՀ տարածքային կառավարման նախարար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մարզերում դանդաղում է վերահաշվառման գործընթացը, իսկ Շիրակի մարզում դեռևս չեն սկսվել կիսակառույցների շինարարական աշխատանքները: Այդ կապակցությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, Լոռու և Շիրակի մարզպետներին: