ուրբաթ, 22 հուլիսի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր- Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 12 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շամախյան, Այգեստան և Իվանովո փողոցների ջրագծերի վերանորոգման աշխատանքների իրականացման ծրագիրը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի կողմից իրականացվող «Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության և սփյուռքի պատմության» վերաբերյալ գրականության ստեղծում`«Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով, Մեսրոպ Սրբազանի հուշարձանի կառուցում», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բժշկական պարագաների ներմուծում և անհատույց բաշխում առողջապահական հաստատություններին» ծրագերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են Լոռու մարզպետարանի կողմից իրականացվող՝ Կողեսի ներհամայնքային ճանապարհների նորոգման, Յաղդան համայնքի խմելու ջրի ներհամայնքային ցանցի վերանորոգման, Ալավերդի համայնքի մայրուղին Սանահին-Սարահարթ թաղամասին կապող ավտոճանապարհի նորոգման, Շամլուղի ներհամայնքային ճանապարհի կառուցման ու նորոգման, ինչպես նաև Ախթալա համայնքի ջրամաքրման համակարգի կառուցման ու խմելու ջրագծի նորոգման ծրագրերը:
Հանձնաժողովի հավանությանն է արժանացել Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խրախուսելով քաղաքացիական հասարակության զարգացումը, սատարել նոր, առաջադեմ կրթական միջավայրի հաստատմանը, դրանով իսկ բարենպաստ պայմաններ ստեղծել մշակութային կյանքի ակտիվացման, միջմարզային մշակութային կապերի ու համագործակցության զարգացմանը:
Նիստում հաստատվել են նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Եղվարդ քաղաքի մշակույթի տան հիմնական վերանորոգման» և «Լեռնանիստ գյուղի համայնքի կենտրոնի վերանորոգման», ինչպես նաև «Սի Օ Էյ Էֆ» մանուկների բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Քարակերտի գյուղական համայնքի 2 դպրոցի, թիվ 1 և 2 մանկապարտեզների շրջակայքի բարեկարգման աշխատանքների իրականացում» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: