երեքշաբթի, 8 մայիսի 2001
Մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
այսօր, երբ ամրացնում ենք մեր անկախ պետականությունը, չենք կարող չգիտակցել, որ այդ ճանապարհին հանդիպող դժվարություններն ու փորձությունները անհնար է դիմագրավել առանց անցյալի հերոսական էջերի ոգեկոչման: Հայրենիքում թե սփյուռքում բնակվող ամեն հայի համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների նշանակությունը: Մենք երբեք չենք կարող մոռանալ մեր ժողովրդի այն տասնյակ հազարավոր զավակների՝ շարքային մարտիկների ու նշանավոր զորահրամանատարների սխրանքը, ովքեր իրենց արժանի լուման ներդրեցին երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում: Մեր նորագույն պատմության հերոսական էջերը գրվեցին նաև արցախյան ազատամարտի խրամատներում, իսկ 1992-ի մայիսի 9-ին Շուշիի հերոսական առումը՝ Ավարայրի ու Սարդարապատի մի նոր սքանչելի դրսևորում էր:
Շնորհավորում եմ հայրենիքում, սփյուռքում և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին՝ հաղթանակի ու խաղաղության այս հրաշալի տոնի առթիվ: Մեր խաղաղ և հուսալի ապագան կերտելու համար մենք պետք է և պարտավոր ենք գնահատել մեր պատմական հաղթանակները, գլուխ խոնարհենք ազգի ու հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների առաջ և ջանանք ճշմարիտ դասեր քաղել պատմությունից՝ հանուն այսօրվա ու վաղվա նորանոր հաղթանակների»: