ուրբաթ, 22 հուլիսի 2005
Հուլիսի 24-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Ավելի քան մեկ ամիս առաջ կատարած իր նախորդ այցի ժամանակ Վրաստանի վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նա Ջավախքում աշխատանքային հանդիպում կունենա վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի հետ, որտեղ հայ-վրացական համագործակցության հետ կապված այլ հարցերի շարքում կքննարկվեն նաև Ջավախքի հիմնախնդիրները և նաև Հայաստանի կառավարության աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունները:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները կհանդիպեն հայ-վրացական սահմանին, այնուհետ կմեկնեն Սաթխա գյուղ, որտեղ հանդիպում կունենան գյուղի բնակչության հետ: Անդրանիկ Մարգարյանը և Զուրաբ Նոգաիդելին կլինեն նաև Գանձայում, կայցելեն Վահան Տերյանի տուն-թանգարան, եկեղեցի և շինարարության ընթացքում գտնվող Գանձայի դպրոց:
Վարչապետները կմասնակցեն Վահան Տերյանի 120-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, որից հետո կմեկնեն Նինոծմինդա և Ախալքալաք: Այս քաղաքներում ևս նախատեսված է բնակչության հետ հանդիպում: Երկու կառավարությունների ղեկավարները կայցելեն նաև Ախալքալաքի հայկական եկեղեցի, Վարզիայի եկեղեցական համալիր:
Հուլիսի 25-ին Հայաստանի վարչապետը կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, որտեղ կամփոփվեն այցի արդյունքները: