ուրբաթ, 22 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Հայկ Ճշմարիտյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ է նշանակվել Վրույր Առաքելյանը:
Համառոտ կենսագրական տվյալներ
Վրույր Առաքելյանը ծնվել է 1950թ., Հրազդան քաղաքում:
1965-1969թթ. սովորել է Երևանի ռադիոէլեկտրոկապի տեխնիկումում, 1972-1977թթ. ընդունվել և ավարտել է Օդեսայի Ա. Պոպովի անվան էլեկտրոտեխնիկական ինստիտուտի ավտոմատ էլեկտրոկապի ֆակուլտետը՝ ստանալով էլեկտրոկապի ինժեների որակավորում: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1965թ.՝ Երևանի կաբելային և ռադիոգծային մագիստրալների շրջանում՝ որպես էլեկտրիկ և աշխատել է մինչև 1968թ.:
1968-1969թթ. աշխատել է Երևանի կապի շահագործողական տեխնիկական հանգույցի Հրազդանի արտադրամասում՝ որպես էլեկտրոմեխանիկ: 1969-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1969-ից մինչև 1995թ. մասնագիտությամբ աշխատել է տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում: 1995-1997թթ. զբաղեցրել է «Հայաստանի հեռախոսային ցանց» պետական ձեռնարկության պետի պաշտոնը: 1997-1998թթ. եղել է ՀՀ կապի նախարարի խորհրդական, իսկ 1998-2000թթ.՝ «Էլինետ» ՍՊԸ-ի վարչության նախագահ: Մինչ նշանակվելը եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայփոստ» ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Ամուսնացած է, ունի երկու զավակ, անկուսակցական է: