ուրբաթ, 29 հուլիսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի արաբական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուխիլս Ֆառաունին: Վարչապետը շնորհավորել է նրան՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հույս հայտնել, որ հայ-սիրիական հարաբերությունների զարգացման գործում նույնպիսի համագործակցություն և շագագրգիռ աշխատանք կլինի, ինչպիսին նախորդ ժամանակավոր հավատարմատարի օրոք էր: Ընդգծելով, որ Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական հարաբերությունները ամուր հիմքերի վրա են դրված, և այդ ամենը նպաստում է երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի սերտացմանը, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումը ևս: Ըստ նրա, չնայած մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, կրթություն և այլն, հաջողություններ կան, սակայն, ընդհանուր առմամբ, առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս գոհացուցիչ համարել չի կարելի: Դրա համար, վարչապետի բնորոշմամբ, կան նաև այնպիսի օբյեկտիվ պատճառներ, ինչպիսին Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է և ցամաքային բեռնափոխադրումների համար անբարենպաստ պայմանները, սակայն այս իրավիճակում անգամ երկու երկրների կառավարությունները, գործարար համայնքը փորձում են ելքեր գտնել և փոխշահավետ գործակցությունն ընդլայնել: Վարչապետը հույս է հայտնել, որ հայ-սիրիական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև Սիրիայի վարչապետ պարոն Ուտրիի նախատեսվող այցը մեր երկիր, զգալիորեն կնպաստեն այդ խնդիրների լուծմանը:
Սիրիայի արաբական հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուխիլս Ֆառաունը վստահեցրել է, որ կանի հնարավորը՝ հայ-սիրիական հարաբերությունների ամրապնդման համար:
Հանդիպման ավարտին վարչապետն իր և ՀՀ կառավարության անունից պատարստակամություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հնարավորինս աջակցել դիվանագետին: