երեքշաբթի, 8 մայիսի 2001
Մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը:
Հանձնաժողովը հաստատեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 2 երկարաժամկետ բարեգործական ծրագիր:
Ներկայացվեց «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի և «Վէմ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից «Ռադիո-Վէմ» ռադիոկայանի և «Վէմ» ձայնագրման ստուդիայի ստեղծման ծրագիրը: Ծրագրի նպատակը հայ և համաշխարհային հոգևոր ու մշակութային արժեքների տարածումն է: Ծրագրի շրջանակներում տարբեր երգչախմբերի և լավագույն մենակատարների կողմից ձայնագրվելու է ողջ հայ հոգևոր երաժշտությունը, ստեղծվելու է հայ հոգևոր երաժշտության թվային ձայնադարան:
«Ռադիո-Վէմը» լինելու է 24-ժամյա և իր աշխատանքները սկսելու է համաշխարհային դասական և հոգևոր երաժշտության լավագույն ձայնադարաններով, ներկայացնելու է հոգևոր, մշակութային, պատմագիտական, կրթական և հայրենասիրական հաղորդումներ և ընթերցումներ: Ռադիոկայանը գործելու է զուտ բարեգործական հիմքերի վրա: Հայաստանում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ և այն հատկապես կարևորվում է քրիստոնեության 1700-ամյակի տարեդարձի օրերին:
Քննարկվեց և հաստատվեց Արմենակ Արմենակյանի անվան «Նորք-Մարաշ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հոգու կանչը» ծրագիրը, որով նախատեսվում է կրթական և սոցիալական ոլորտներում բազմաբնույթ օժանդակություն ցուցաբերել Երևանի Նորք-Մարաշ համայնքի բնակչությանը և N 124 դպրոցին: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվի Երևանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջակա տարածքը:
Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Նիստում տեղեկատվություն տրվեց 2001 թվականի մայիսի 5-ի Միացյալ հայկական հիմնադրամի 113 րդ չվերթով ստացված մարդասիրական բեռների ստացման և բաշխման մասին: Բազմաթիվ կազմակերպությունների հասցեով ստացվել է մոտ 4 մլն ԱՄՆի դոլար արժեքով դեղորայք, բուժսարքավորումներ, գրականություն և այլ բեռներ: