երեքշաբթի, 8 մայիսի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ Արագածոտնի մարզի հիմնախնդիրների լուծման ծրագրի քննարկումը՝ ճյուղային նախարարների, համապատասխան գերատեսչությունների ղեկավարների, մարզից ընտրված ԱԺ պատգամավորների և Հայաստանի սոցներդրումնրի հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցությամբ:
Արագածոտնի մարզպետ Հրայր Կարապետյանը, ներկայացնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում տված հանձնարարակնների իրագործման ընթացքը, տեղեկացրեց, որ տասնօրյա ժամկետում վարչապետին է ներկայացվել մարզի անհետաձգելի և հեռանկարային հիմնախնդիրների ամբողջական փաթեթը, որը քննարկվել է տարածքային կառավարման նախարարությունում՝ հիմք դառնալով մարզի հեռանկարային զարգացման համապարփակ ծրագրի համար:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անհրաժեշտ պայման համարեց միջոցառումների կատարման ժամկետների, պատասխանատուների, ֆինանսական աղբյուրների հստակ ամրագրումը:
Ծրագրում նախատեսված արդյունաբերական ձեռնարկությունների վերագործարկման առնչությամբ, առևտրի և արդյունաբերության նախարար Կարեն Ճշմարիտյանը փաստեց, որ մանրամասնորեն դիտարկված են գործարար ծրագրերի մշակման, վարկավորման, հումքի հայթայթման և սպառման խնդիրները: Նա կարևորեց Արտենիի գինու գործարանի առաջիկա վերագործարկումը, որը տեղի կունենա այս տարի՝ ֆինանսական առողջացման միջոցով:
Հաշվի առնելով Թալինի տարածաշրջանի աշխարահագրական, սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները, ինչպես նաև նախորդ տարվա երաշտի և սակավաջրության հետևանքները՝ միջոցառումների ծրագրում հիմնական շեշտադրումը կատարվել է գյուղատնտեսական աշխատանքների վրա. կկառուցվեն գյուղատնտեսական մթերքների չորանոցներ Սասնաշեն, Արտենի, Աշնակ գյուղերում: Մի շարք բնակավայրերում կլուծվեն խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրները, կկառուցվի 16 խմելու ջրագիծ, կվերականգնվեն ներքին ցանցերը: Այս աշխատանքները կիրականցնեն Հայաստանի սոցներդրունմերի հիմնադրամը և կառավարությանն առընթեր ջրային տնտեսության կոմիտեն: 2001-2003 թթ. կկառուցվի Ոսկեթասի խմելու ջրագիծը և Թալինի շրջանի 13 գյուղեր կապահովվեն խմելու ջրով:
Առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանը, ներկայացնելով բնագավառում կատարվելիք միջոցառումները, արձանագրեց, որ 2001 թ Ապարանում և Թալինում կկառուցվեն բարեգործական դեղատներ, իսկ մի շարք բնակավայրերում՝ ամբուլատորիաներ:
Խորհրդակցության արդյունքում արված դիտողություններն ու առաջարկները հաշվի կառնվեն և կընդգրկվեն ծրագրում, որն այնուհետև կառավարության որոշման նախագծի տեսքով առաջիկա նիստերից մեկում կներկայացվի գործադիր իշխանության հաստատմանը: