երկուշաբթի, 22 օգոստոսի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 15-ամյակի առթիվ
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայոց նորագույն պատմության մեջ, ըստ էության, մի նոր փուլի սկիզբ դրեց. արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Մեկ տարի անց` սեպտեմբերին, Հայաստանի անկախ հանրապետությունն այլևս իրողություն էր` ամրագրված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով: Անկախության հռչակագրի համազգային նպատակների ու հիմնարար սկզբունքների կենսագործմանն էին ուղղված հետագա ջանքերը, որի արդյունքում հաղթահարելով բազում դժվարություններ, արդեն 14-ամյա մեր պետությունը վստահ առաջ է ընթանում` հավաստելով համամարդկային արժեքներին իր հավատարմությունն ու տարեցտարի ամրապնդելով մեր պետականության հիմքերը:
Անկախացումից ի վեր լայն հնարավորություններ են ստեղծված քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրվելու և համընթաց քայլելու, այլ պետությունների ու ժողովուրդների հետ իրավահավասար փոխհարաբերություններ հաստատելու, միաժամանակ մեր ինքնությունը պահելու, պահպանելու և ազգային նվիրական իղձերն իրագործելու, մեր սերունդներին հզոր ու բարգավաճ Հայաստան ժառանգելու համար:
Այսօր էլ` ավելի քան մեկ տասնամյակ անց, կարող ենք վստահ ասել, որ Անկախության հռչակագիրը հստակ գիտակցված ընտրություն էր, որի հիմքում նախորդ տասնամյակների, նաև դրանից առաջ անկախության նվիրյալների տառապալից, բայց հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու և անկախության բաղձալի օրվան հասնելու համար: Բոլորիս համար այս նշանակալի իրադարձության օրը շնորհավորենք միմյանց և խոնարհվենք անկախության նահատակների սուրբ հիշատակի առջև:
Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը, դիմակայել բոլոր մարտահրավերներին ու աներեր կշարունակենք անկախության մեր երթը: