հինգշաբթի, 1 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ Անկախության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման 14-րդ տարեդարձի առթիվ: 1991թ. սեպտեմբերի 2-ին Անկախության հռչակագրի ընդունմամբ արցախահայությունը հաստատեց պատմական հայրենիքում իր անկախ պետականությունը կերտելու, հայրենի հողի վրա ազատ ու արժանապատիվ ապրելու իր իրավունքը: Հետագա տարիներին, զգալի ջանքեր գործադրելով իրեն պարտադրված պատերազմի հետևանքների վերացման, բանակի հզորացման և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ, Արցախի հայությունը միաժամանակ հավաստեց հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու, Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներին տեր կանգնելու իր կամքն ու վճռականությունը: Այդ ամենը զուգակցելով տնտեսության վերականգնման, սոցիալական հիմնախնդիրների աստիճանական լուծման, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ու զարգացման հետ, արցախահայությունը մեկ անգամ ևս ընդգծեց և ապացուցեց նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, այդպիսով նաև իբրև պետություն` իր գոյության իրավունքը, համոզված լինելով, որ ժողովրդավարական համընդհանուր արժեքներին նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման կարևոր կռվաններից է:
Վստահ եմ, որ Հայաստանի հանրապետության հետ միասին, Սփյուռքի հայության աջակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսուհետ ևս կկարողանա դիմագրավել բոլոր մարտահրավերներն ու հաղթահարել ընթացիկ դժվարությունները՝ խաղաղ պայմաններում քայլ առ քայլ իր անկախ պետականությունն ամրապնդելու, վաղվա օրն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:
Արցախի և ամբողջ հայության համար նշանակալից այս օրը հավերժ փառք տալով հանուն անկախության իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսներին, համոզված եմ, որ ամենամեծ տուրքը նրանց հիշատակին` նվաճած հաղթանակը պահելն ու մեր հայրենիքը հզորացնելն է: