հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է եգիպտական «Վաքսերա» ընկերության նախագահ Մոհամմադ ալ-Աբբադիին:
Կարևորելով հայ-եգիպտական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, վարչապետը նշել է, որ դեղագործության բնագավառում հաջողությամբ գործող «Վաքսերա» պետական ընկերության մուտքը Հայաստան նոր խթան կհանդիսանա առողջապահության ոլորտում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Ողջունելով Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարությունների միջև կնքված «Դեղագործության և առողջապահության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը, Անդրանիկ Մարգարյանն այն համարել է նշված ոլորտում հարաբերությունների նոր որակի հաստատման գործնական քայլերից մեկը: Ի հավաստումն այն բանի, որ հայկական կողմը գործնական քայլեր է ձեռնարկում հայ-եգիպտական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, վարչապետը, մասնավորապես, նշել է Կահիրեում հայկական առևտրի կենտրոն հիմնելու Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախաձեռնությունը: Նա առաջարկել է հնարավորինս ակտիվացնել համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը, որը գործարար շրջանակներին հնարավորություն կընձեռի ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանում և Եգիպտոսում արտադրվող ապրանքատեսակներին, միմյանց կարողություններին ու հնարավորություններին: Վարչապետը, մասնավորապես, առաջարկել է Հայաստանում և Եգիպտոսում կազմակերպել սեփական արտադրության դեղորայքի ցուցահանդեսներ:
«Վաքսերա» ընկերության նախագահը նշել է, որ հետևում է և բավականին քաջատեղյակ է առողջապահության ոլորտում Հայաստանում ընթացող բարեփոխումներին: Նա վարչապետին հայտնել է մեր երկրում ինսուլինի և այլ պատվաստուկների համատեղ արտադրություն հիմնելու եգիպտական կողմի մտադրությունը՝ ակնկալելով ՀՀ կառավարության աջակցությունն այդ հարցում: Մոհամմադ ալ-Աբբադին կարևորել է նաև երկու երկրների միջև բժիշկների և հատկապես դեղորայքի արտադրության մասնագետների փոխանակումը, աջակցությունը տնտեսության մասնավոր հատվածի գործարարների միջև կապերի և շփումների ակտիվացմանը և այլն: Նա հայտնել է նաև Հայաստանին արյան բաղադրությունը որոշող սարք նվիրելու եգիպտական կողմի մտադրությունը՝ որպես պատմական խոր արմատներ ունեցող հայ-եգիպտական բարեկամության ևս մի արտահայտություն:
Բարձր գնահատելով Հայաստանում գործունեություն ծավալելու «Վաքսերա» ընկերության մտադրություններն ու գործնական առաջարկները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ տարեվերջին Կահիրեում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 4-րդ նիստը ևս, ինչպես նաև այդ ընթացքում Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հետ իր հանդիպումը նոր լիցք կհաղորդեն ինչպես միջպետական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանմանը: