հինգշաբթի, 8 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Յեթին:
Շնորհավորելով պարոն Շելդոն Յեթին՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի hայաստանյան գրասենյակի ղեկավարի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ, վարչապետն ընդգծել է գրասենյակի արդեն տասնամյա գործունեության կարևորությունը ՀՀ կառավարության հետ համատեղ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում: Ծրագրեր, որոնք առնչվում են այնպիսի կարևոր ոլորտների, ինչպիսիք են երեխաների առուվաճառքի (թրաֆիքինգի) կանխարգելումը, մոր և մանկան առողջության պաշտպանությունը, կրթական, առողջապահական, օրենսդրական բարեփոխումները և այլն:
Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը հատուկ ուշադրության է արժանանում ՀՀ կառավարության կողմից, ինչն արտացոլված է նաև 2003թ. օգոստոսին հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում: Նույն թվականին, ըստ նրա, ՀՀ կառավարությունը հաստատել է «Երեխայի իրավունքների պաշտպանության» ազգային ծրագիրը, որի իրականացմանն աջակցելու առաջարկով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը: Նշվել է, որ Հայաստանն աշխարհի փոքրաթիվ երկրներից է, որը մշակել է նման ծրագիր: Մեր երկիրը ստորագրել է նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների երկու արձանագրություն, որոնք այժմ ՀՀ Ազգային ժողովում վավերացման փուլում են: 2004թ. Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի առջև պաշտպանել է իր 2-րդ ազգային զեկույցը, որում, ստանձնած պարտավորությունների համաձայն, տեղեկություններ էին տրվում Հայաստանում երեխայի իրավունքների ներկա իրավիճակի և դրա պաշտպանությանն ուղղված ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
Հայաստանի գրասենյակի ղեկավար Շելդոն Յեթը նույնպես գոհունակություն է հայտնել ՀՀ կառավորության հետ համագործակցության մակարդակի վերաբերյալ և ՀՀ վարչապետին ներկայացրել է Մանկական հիմնադրամի հետագա գործունեությունը մեր երկրում: