երկուշաբթի, 12 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպմանը: Նրա գլխավորած կառավարական պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Բարձր մակարդակի լիագումար հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում և կշարունակվի մինչև սեպտեմբերի 18-ը: Հանդիպման ընթացքում, պետությունների բարձրաստիճան այլ ղեկավարների հետ միասին, վարչապետը կմասնակցի «ֆինանսավորում զարգացման համար» առանձին բարձր մակարդակի հանդիպմանը, այդ շրջանակներում անցկացվելիք կլոր սեղանին, ֆրանկաֆոնների միության՝ բարձր մակարդակով հանդիպմանը և մի շարք այլ միջոցառումների:
Լիագումար հանդիպմանը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը նախատեսվում է սեպտեմբերի 16-ին:
Այցի շրջանակներում Հայաստանի կառավարության ղեկավարը կունենա մի շարք այլ հանդիպումներ ևս, մանավորապես՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարության, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Թորոյա Օբեյդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ Քեմալ Դերվիշի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Էն Վենեմանի հետ, կմասնակցի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին՝ Առևտրի համաշխարհային կենտրոնի «Զրո հարթակում» ծաղկեպասկի տեղադրման արարողությանը: Նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակում ՀՀ վարչապետն իր տիկնոջ հետ կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի և նրա տիկնոջ կողմից կազմակերպվելիք ընդունելությանը:
Վարչապետը Երևան կվերադառնա սեպտեմբերի 18-ին: