չորեքշաբթի, 14 սեպտեմբերի 2005
Այսօր Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի լիագումար հանդիպումը: Հեղինակավոր այս կազմակերպության գագաթաժողովին մասնակցում են ավելի քան 170 պետության ու կառավարության ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ վարչապետը Նյու Յորք է ժամանել սեպտեմբերի 12-ին:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հոբելյանական այս նստաշրջանում, որը նախագահում է ՄԱԿ-ում Շվեդիայի նախկին մշտական ներկայացուցիչ Յան Էլիասոնը, նախատեսվում է քննարկել միջազգային կարևորության համընդգրկուն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, աշխարհը և անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, Հազարամյակի մարտահրավերները, միջազգային իրավունքի հետ կապված հարցեր, ՄԱԿ-ի կառավարման համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը, կրթության, առողջապահության հասանելիության, աղքատության, ատոմային էներգիայի, փախստականների, կանանց և երեխաների խնդիրների, կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության, խմելու ջրի և համաշխարհային հասարակությանը մտահոգող մի շարք այլ խնդիրներ: Մինչ նստաշրջանի բացումը, պատվիրակները բավականին երկար քննարկել են նստաշրջանի մասնակիցներին ներկայացվելիք` եռօրյա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, որի պատճառով բացումը տեղի է ունեցել նախատեսվածից մի քանի ժամ ուշ: ՄԱԿ-ի նստաշրջանում, սեպտեմբերի 16-ին նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի ելույթը: Մինչ այդ, սակայն, ՀՀ կառավարության ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել.
Սեպտեմբերի 13-ին Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» (ՀՄԿ) ղեկավարության՝ գլխավոր գործադիր պաշտոնյայի ժամանակավոր պաշտոնակատար Չարլզ Սեթնեսի և երկրների ծրագրերի փոխնախագահ Ջոն Հյուկոյի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՄԿ-ի հետ համագործակցությանն առնչվող խնդիրներ: ՀՄԿ-ի պատվիրակությունը գոհունակությամբ է նշել, որ ԱՄՆ-ի կոնգրեսականները՝ վերջերս Հայաստան կատարած իրենց այցից դրական տպավորություններով են վերադարձել: Երկու կողմերն էլ արձանագրել են, որ ՀՄԿ-ի շրջանակներում համագործակցության համատեքստն ընդունելի է և ներկայումս աշխատանքներ են տարվում մեխանիզմների ճշգրտման ուղղությամբ: Այդ նպատակով առաջիկայում հայկական կողմից առանձին պատվիրակություն կժամանի Վաշինգտոն: Երկուստեք գոհունակություն է հայտնվել երկու կողմերի աշխատանքային խմբերի համագործակցությունից: ՀՄԿ-ն նաև բավարարվածություն է արտահայտել ՀՀ կառավարության կողմից Հազարամյակի մարտահրավերների հայաստանյան ծրագրի նախագծում ներկայացված տնտեսագիտական չափորոշիչների հիմնավորվածությունից:
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշել է, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի գյուղատնտեսությանը, հատկապես՝ ֆերմերային տնտեսություններին: ՀՄԿ ներկայացուցիչը կարևորել է ՀՄԿ կառավարման խորհրդի աշխատանքների թափանցիկության ապահովումը, ինչի նպատակով անհրաժեշտ է խորհրդում ընդգրկել ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Այս կապակցությամբ ՀՀ վարչապետն արձանագրել է, որ ՀՀ կառավարությունը կողմնակից է գործընթացների թափանցիկությանը, և նշյալ կազմակերպությունների ընտրությունը լիովին կարող է իրականացվել ՀՄԿ և ոչ կառավարական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ջանքերով:
Նույն օրը ՀՀ վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն տկն. Թորայա Օբեյդի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարիչ պրն. Քեմալ Դերվիշի հետ:
Տկն. Օբեյդի հետ հանդիպման ժամանակ նշվել է, որ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում: ՀՀ վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի ու ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի համագործակցության փորձը և երկրի ներքին կարողությունները թույլ են տալիս ավելի մեծ գումարների ծրագրեր իրականացնել, քան նախատեսված է ընթացիկ տարվա համար, հատկապես՝ վերարտադրողական առողջության, ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի դեմ պայքարի և սոցիալական ապահովության ոլորտներում: Տկն. Օբեյդը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի ձեռքբերումները մայրական մահացության ցուցանիշների նվազման ու բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղություններում: Նա նաև խիստ կարևորել է ՀՀ կառավարության կողմից դրսևորվող շահագրգռվածությունը լավ համագործակցային հարաբերությունների զարգացման ու դրանց խորացման հարցում, ինչը երաշխիքն է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ծրագրերի հաջող իրականացման:
ՄԱԿ-ի զարգացման գործակալության կառավարչի հետ հանդիպման ժամանակ ևս քննարկվել են այդ կազմակերպության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր: Պրն. Դերվիշը նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը վերջին տարիներին բուռն զարգացում է ապրել՝ ընդգրկելով ամենատարբեր ոլորտներ: Դրական գնահատելով այդ զարգացումները, ՀՀ վարչապետը նաև կարևորել է մարդկային զարգացման զեկույցների հրապարակումը, ինչը մեծապես օգնում է անկողմնակալ տեղեկատվություն ստանալ Հայաստանի մասին: Նա ավելացրել է, որ այդ զեկույցներում պարունակվող տեղեկատվությունն առկա ներուժի մասին և դրա ճիշտ օգտագործումը կարող են մեծապես նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը: