ուրբաթ, 16 սեպտեմբերի 2005
ՄԱԿ-ի հոբելյանական նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու-Յորքում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակում է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ ինչպես միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների, այնպես էլ պետությունների ղեկավարների հետ.
Սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Հանդիպման ժամանակ երկուստեք բարձր է գնահատվել առկա բարիդրացիական հարաբերությունները երկու երկրների միջև, որոնք խարսխված են դարավոր բարեկամության վրա: ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը նշել է, որ քաղաքական խնդիրներ Հայաստանի և Իրանի միջև չկան, իսկ տնտեսական հարաբերությունները զարգանում են, ինչի մասին է վկայում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը: Նա կարևորել է Իրանի հետ իրականացվող տնտեսական ծրագրերի բարեհաջող ընթացքը, որն առավել ևս կխթանի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը: ՀՀ վարչապետը շեշտել է, որ Հայաստանի անկախացումից հետո Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունն էական դեր է խաղացել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության պահպանման գործում և խիստ կարևոր է, որ այդ քաղաքականությունը շարունակվի: Պրն. Մարգարյանը շնորհակալություն է հայնտնել նաև իրանահայ համայքնի նկատմամբ Իրանի իշխանությունների դրսևորած վերաբերմունքի համար և արձանագրել, որ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում այն իր նշանակալից դերն է ունեցել:
Ի պատասխան Իրանի նախագահ Ահմադինեջադը նշել է, որ հարևանների, հատկապես՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը բխում է Իրանի քաղաքական ուղեգծից: Նա ևս կարևորել է երկու երկրների միջև առկա տնտեսական ծրագրերի հետևողական իրականացումը, ինչին հետամուտ է լինելու որպես նորընտիր նախագահ:
Նույն օրը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի լիագումար հանդիպման շրջանակներում անցկացվող «Ֆոկուս 2005. պատասխան գլոբալ մարտահրավերներին» միջազգային պայմանագրերին նվիրված հատուկ միջոցառման ընթացքում, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հայաստանի անունից, ստորագրել է «Միջուկային ահաբեկչության գործողությունների վերացման մասին» միջազգային կոնվենցիան: Կոնվենցիայի մասնակից պետությունները, ըստ այդ փաստաթղթի, նկատի առնելով միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը, պետությունների միջև բարիդրացիության, բարեկամական հարաբերությունների և համագործակցության զարգացմանն առնչվող նպատակներն ու սկզբունքները, ճանաչելով զարգացման և ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործման՝ բոլոր պետությունների իրավունքն ու խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման արդյունքում հնարավոր օգուտի ստացման՝ նրանց օրինական շահագրգռությունը, ինչպես նաև խորապես անհագստացած լինելով ամբողջ աշխարհում ահաբեկչական գործողությունների աճով և ակտիվացմամբ՝ ամենատարբեր ձևերով ու դրսևորումներով, հանդիսավորապես հաստատել են, որ անառարկելիորեն դատապարտում են հանցավոր և արդարացում չունեցող ահաբեկչության այն բոլոր գործողությունները, մեթոդներն ու պրակտիկան, որտեղ և ում կողմից էլ դրանք իրագործված լինեն, այդ թվում նաև նրանք, որոնք վտանգում են պետությունների ու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և սպառնում պետությունների տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը: Կոնվենցիայում հստակեցված են «ռադիոակտիվ նյութ», «միջուկային նյութ» և այլ հասկացություններ, միաժամանակ նշված է, թե որոնք են ցանկացած անձի կողմից կատարվող և ըստ կոնվենցիայի դատապարտելի հանցագործությունները, յուրաքանչյուր մասնակից-պետության կողմից իրականացվելիք այն միջոցառումները, որոնք կհամարվեն անհրաժեշտ, նաև ահաբեկչության դեմ պայքարում մասնակից-պետությունների համագործակցության ձևերն ու ուղիները և այլն:
ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն տկն. Էն Վենեմանի հետ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանի համար այսօր առաջնային են կրթության ու թրաֆիքինգին առնչվող խնդիրները: Կառավարությունն արդեն ներկայացրել է «Երեխաների վերաբերյալ գործողությունների ծրագիրը», որը համահունչ է «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին»: Նա գոհունակությամբ է արձանագրել, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը լավ է ընթանում, ինչը շատ կարևոր է ծրագրերի բարեհաջող իրականացման համար:
Իր հերթին տկն. Վենեմանն անդրադարձել է ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի խնդիրներին՝ նշելով, որ թեև Հայաստանում հիվանդների թիվը փոքր է, սակայն այդ հիվանդության՝ երեխաների շրջանում տարածման կանխարգելումն ու դրան ուղղված աշխատանքներն առաջնային են: Նա շեշտել է, որ կանխարգելման գործում անփոխարինելի է կառավարության հանձնառությունը, հատկապես այդ ուղղությամբ կրթության ու իրազեկության բարձրացման հարցում:
Այսօր երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանում ելույթ կունենա նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ անդրադառնալով Հազարամյակի հռչակագրի և դրան միանալուց հետո, պարտավորությունների կատարման հարցում, Հայաստանի կողմից իրականացված միջոցառումներին, տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, հակամարտությունների՝ այդ թվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին, տարածաշրջանային համագործակցությանը և առկա խոչընդոտներին, ՄԱԿ-ի հետ մեր երկրի գործակցությանն ու հեղինակավոր այդ կազմակերպության գործունեության արդյունավետության առավել բարձրացման հետ կապված հարցերին: