ուրբաթ, 16 սեպտեմբերի 2005
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 60-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Մեծարգո պարոն նախագահ,
Մեծարգո պարոն Գլխավոր քարտուղար,
Հարգարժան պատվիրակներ,
Պարոն նախագահ,
Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 60-րդ հոբելյանական նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Հինգ տարի է անցել այն ժամանակից, երբ պետությունների և կառավարությունների ղեկավարները Գլխավոր ասամբլեայում ընդունեցին Հազարամյակի հռչակագիրը` պարտավորվելով հասնել հազարամյակի զարգացման նպատակներին:
Միանալով Հազարամյակի հռչակագրին` Հայաստանն իր երկարաժամկետ ռազմավարական ծրագրերում ներառել է Հազարամյակի զարգացման նպատակները: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ 2003 թվականի օգոստոսին Հայաստանում հաստատվել է «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը»: Այն ներառում է հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված միջոցառումները և համապատասխանում է երկրի զարգացման ռազմավարությանը: Ծրագիրը հաշվի է առնում ազգային առանձնահատկությունները և վայելում է ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ միջազգային կազմակերպությունների աջակցությունը:
Պարոն նախագահ,
Ահաբեկչությունը մնում է մարդկության առջև ծառացած ամենագլխավոր չարիքը: 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում, այնուհետ Բեսլանում, Մադրիդում, Լոնդոնում և աշխարհի այլ վայրերում տեղի ունեցած ահաբեկչությունները ցույց են տալիս, որ երկրներն ավելի սերտ համագործակցության միջոցով պետք է միավորեն իրենց ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում:
Մենք ողջունում ենք Գլխավոր քարտուղարի կողմից ձեռնարկված քայլերը, որոնք ուղղված են հետագայում հնարավոր ցեղասպանությունների կանխարգելմանը: Այդ կապակցությամբ կցանկանայի հատուկ ընդգծել բնակչությանը ցեղասպանություններից, ռազմական հանցագործություններից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ գործվող հանցագործություններից պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ հայեցակարգը բարձր մակարդակի հանդիպման ամփոփիչ փաստաթղթում ներառելու կարևորությունը: Միջազգային հանրությունը պետք է իր բոլոր ջանքերը գործադրի հնարավոր ցեղասպանությունները կանխարգելելու համար: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, հայերը քաջատեղյակ են ցեղասպանության քաղաքականության սարսափելի հետևանքներին:
Պարոն նախագահ,
Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներից մեկը տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորումն է: Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կողմնակիցը լինել: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն օգտվել է միջազգային իրավունքի սկզբունքներով նախատեսված իր ինքնորոշման իրավունքից` ճիշտ այնպես, ինչպես վերջին տարիներին այդ իրավունքից օգտվել են այստեղ ներկա գտնվող որոշ երկրներ: Մենք վտահ ենք, որ միայն փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության մթնոլորտի և պատմական ճշմարտությունն ընդունելու կամքի առկայության պայմաններում է հնարավոր ապահովել ժողովուրդների խաղաղ և բարիդրացիական գոյակցությունը մեր տարածաշրջանում:
Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդման գործում մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս տարածաշրջանային մակարդակով համագործակցությանը: Ցավոք, դրան խոչընդոտում են Հայաստանի շրջափակումը, ինչպես նաև մեր տարածաշրջանի որոշ երկրների կողմից նման համագործակցություն ծավալելու ցանկության բացակայությունը:
Պարոն նախագահ,
Հայաստանն աջակցում է ՄԱԿ-ի բարեփոխմանն ուղղված ջանքերին` մասնավորապես Գլխավոր ասամբլեայի հեղինակության բարձրացմանը և դերի մեծացմանը, Մարդու իրավունքների խորհրդի ստեղծմանը և հատկապես Անվտանգության խորհրդի աշխատանքի մեթոդների արդյունավետության բարձրացմանը: Մենք համոզված ենք, որ բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է հաջողությամբ դիմակայել մեր ժամանակի` գնալով աճող մարտահրավերներին:
Շնորհակալություն ուշադրության համար: