երեքշաբթի, 20 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետության բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի Էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ-Կասիմիին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակություն հայտնելով բազմաթիվ արաբական երկրների, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Հայաստանի հարաբերությունների ներկայիս մակարդակից, կողմերը որպես վերջին տարիներին արձանագրված նկատելի ձեռքբերումներ նշել են, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, տարբեր ոլորտներում համագործակցության մի քանի տասնյակ փաստաթղթերի ստորագրումը, փոխշահավետ գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում պարբերական դիվանագիտական խորհրդակցությունների անցկացումը և այլն: Նրանք ընդգծել են, որ երկկողմ բազմաբնույթ հարաբերությունների, միջազգային կապերի զարգացմանը մեծապես նպաստում են նաև հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը, մշակութային ու առևտրական կապերը, որոնք պատմական խոր արմատներ ունեն:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Արաբական Միացյալ էմիրության հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը թե' տարածաշրջանային և թե' միջազգային մակարդակներում: Ողջունելով նաև քաղաքակրթությունների երկխոսությանն ուղղված Էմիրության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը:
Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խնդրին, զրուցակիցները այդ ոլորտում հեռանկարային են համարել, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության, գյուղմթերքների արտահանման ուղղությունները: Վարչապետը վստահություն է հայտնել, որ Սուլթան ալ-Կասիմիի ներկա այցը, ինչպես նաև այս օրերին Հայաստանում Շարժայի մշակույթի օրերի անցկացումը ևս նոր խթան կհանդիսանան երկու երկրների միջև համագործակցության զարգացման, մշակութային ու գիտակրթական կապերի ամրապնդման, երկու ժողովուրդների առավել սերտ փոխճանաչման համար: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է, մասնավորապես, Հայաստանում Արաբական մշակույթի կենտրոնի հիմնումը՝ շնորհակալություն հայտնելով Սուլթան ալ-Կասիմիին կենտրոնի ֆինանսավորմանը մասնակցելու պատրաստակամության համար: Նա Շարժայի Էմիրին երախտագիտություն է հայտնել նաև 1995թ. Շարժայում հայկական եկեղեցու կառուցման նպատակով հողատարածք հատկացնելու համար, որը մինչ օրս միակն է ողջ Էմիրություններում:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել մեր երկրում Արաբական Միացյալ Էմիրության դեսպանատան հիմնման խնդրին ևս: Նշելով, որ դեռևս 2000թ. Հայաստանն Աբու Դաբիում բացել է իր դեսպանությունը, որին տարածաշրջանային նշանակություն է տրված, վարչապետը հույս է հայտնել, որ Արաբական Միացյալ Էմիրության կառավարությունը նույնպես մոտ ապագայում իր դեսպանությունը կհիմնի Երևանում, մանավանդ որ, ըստ նրա, հայկական կողմն արդեն իսկ հողատարածք է հատկացրել այդ նպատակով: