ուրբաթ, 23 սեպտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 4 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» համալիրում կցակառույցի վերանորոգման աշխատանքների ծրագիրը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզիկներին ավելի բարվոք պայմաններում մարզվել, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից իրականացվող «Ոսկեհատ գյուղի դպրոցի ջեռուցման համակարգի վերակառուցում և սանհանգույցների վերանորոգում» ծրագիրը: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից կիրականացվի «ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի համայնքային կենտրոնի ջեռուցում» ծրագիրը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր: