երեքշաբթի, 27 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի (Վերականգնման վարկային հաստատության) ավագ փոխնախագահ Նորբերտ Կլոպպենբուրգին:
Ողջունելով Գերմանիայի կառավարության զարգացման ծրագրեր իրականացնող կառույցում՝ KfW բանկում, Եվրասիայի տարածաշրջանի պատասխանատու ավագ փոխնախագահի առաջին այցը Հայաստան, վարչապետը հույս է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-գերմանական ֆինանսական համագործակցության հետագա զարգացման համար:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել 1995 թվականից սկիզբ առնող համագործակցության ընթացքից, որի արդյունքում Հայաստանին տրամադրվել է ընդհանուր առմամբ շուրջ 150 մլն. եվրո գումար, որից մոտ 35 մլն-ը՝ որպես դրամաշնորհ: Նշվել է, որ մեր երկրում իր 10-ամյա գործունեության ընթացքում բանկն իրականացրել է մի շարք խոշոր ծրագրեր, այդ թվում՝ ավարտին է հասցրել «Փախստականների համար բնակարանային շինարարության», «Քանաքեռի հիդրոէլեկտրակայանի վերակառուցման», Բարձրավոլտ հոսանքահաղորդման համակարգի «Կամո» և «Վանաձոր-2» ենթակայանների վերազինման», «Հիվանդանոցների տեխնիկական վերազինման», «Փոքր ու միջին ձեռնարկատիրության խրախուսման գերմանահայկական հիմնադրամի» ծրագրերը: Ջրամատակարարման և ջրահեռացման, բանկային համակարգի, Էներգետիկայի, առողջապահության, բնապահպանության և այլ բնագավառների զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր ներկայումս ընթացքի մեջ են:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և KfW բանկի ավագ փոխնախագահ Նորբերտ Կլոպպենբուրգը զրույցի ընթացքում քննարկել են առաջիկա տարիներին երկկողմ ֆինանսական համագործակցության զարգացման հեռանկարներն ու առաջնահերթ ուղղությունները: Գոհունակություն հայտնելով էներգետիկայի ոլորտում հաջողությամբ ավարտված համատեղ ծրագրերի կապակցությամբ, Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է գերմանական բանկի կողմից ներկա փուլում դրսևորվող ուշադրությունը վերականգնվող էներգետիկային, մասնավորապես՝ փոքր ՀԷԿ-երին և քամու էներգիայի օգտագործմանը, որն, ըստ նրա, համապատասխանում է նաև ոլորտի զարգացման՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությանը:
Անդրանիկ Մարգարյանը դրական է գնահատել կոմունալ ծառայությունների ոլորտում, մասնավորապես, Արմավիրի ջրամատակարարման ծրագրի իրականացման ուղղությամբ մինչև այժմ կատարված աշխատանքը, նշելով, որ կառավարությունը հաստատակամ է այսուհետ ևս այդ ուղղությամբ համագործակցել գերմանական բանկի հետ՝ հաշվի առնելով նաև նախորդ փորձը:
Հայաստանի կառավարության ղեկավարը ողջունել է KfW բանկի կողմից վերջին շրջանում մեր երկրին ցուց տրվող մեկ այլ՝ հիպոթեքային շուկայի զարգացմանն ուղղված օժանդակությունը ևս: Նա առաջարկել է հնարավորինս արագացնել մեր երկրի բնակչության համար սոցիալական մեծ կարևորություն ունեցող այդ ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ փաստացի վարկավորումը հնարավորինս շուտ սկսելու նպատակով: Ընդգծելով հիպոթեքային շուկայի ձևավորման և զարգացման գործում KfW բանկին հատկացված առաջատար դոնոր կազմակերպության դերը, վարչապետը, միաժամանակ, կարևորել է նաև մյուս միջազգային կառույցների հետ տարվող քննարկումները, շուկայի բոլոր մասնակիցների աշխատանքները համակարգելու և առավելագույն արդյունքի հասնելու նպատակով:
Պարոն Նորբերտ Կլոպպենբուրգը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ անցած 10 տարիների ընթացքում համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Նա նշել է, որ այս այցի շրջանակներում լինելով մարզերում ու տարբեր համայնքներում, ծանոթանալով մեր երկրում իրականացվող ծրագրերի ընթացքին, այժմ շատ ավելի լավատես է ապագա նոր ծրագրերի հաջող իրականացման հարցում: Կարևորելով էներգետիկայի՝ հատկապես փոքր ՀԷԿ-երի վերականգնման և կառուցման, կոմունալ ծառայությունների, փոքր ու միջին ձեռնարկատիրության և այլ ոլորտներում իրագործվող և նախատեսվող համատեղ ծրագրերը, KfW բանկի ավագ փոխնախագահը, մասնավորապես, նշել է հիպոթեքային շուկայի ձևավորման գործում մեր երկրին աջակցելու բանկի պատրաստակամությունը: Նա հայտնել է, որ արդեն այս տարվա հոկտեմբերի կեսերին Հայաստան կժամանի բանկի աշխատանքային խումբը՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու և, ըստ նրա, տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին ծրագիրն սկսելու նպատակով: Այդ համատեքստում նա կարևորել է նաև Ավանդների երաշխավորման հիմնադրամի գործունեության ծավալումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ Ազգային Ժողով է ներկայացրել հիպոթեքային շուկայի ձևավորմանն ուղղված օրինագծերի փաթեթը և հույս է հայտնել, որ այն խորհրդարանի կողմից կընդունվի մինչև տարեվերջ, ինչը կնպաստի գործընթացի արագացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Գերմանահայկական հիմնադրամի աշխատանքների շարունակման հնարավորությանը՝ հաշվի առնելով այդ ծրագրի հաջողությունը և տնտեսությունում նմանատիպ վարկավորման պահանջարկի առկայությունը:
Հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և KfW բանկի ավագ փոխնախագահ Նորբերտ Կլոպպենբուրգը մտքեր են փոխանակել նաև հայ-գերմանական ֆինանսական համագործակցության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: