երեքշաբթի, 27 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անտոնիոս Վլավիանոսին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Բարձր գնահատելով հայ-հունական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կողմերը նշել են, որ այս տարվա նոյեմբերին ՀՀ նախագահի նախատեսվող պետական այցը Հունաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման և տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Կարևորելով եվրոպական կառույցներում և միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցությունը, Անդրանիկ Մարգարյանը և Անտոնիոս Վլավիանոսն ընդգծել են, որ, մասնավորապես, «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հարավային Կովկասի ընդգրկումը նոր հեռանկարներ է բացում ինչպես Եվրամիության, այնպես էլ անդամ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման համար: Հիշեցնելով, որ Հայաստանն այս տարվա հունիսին արդեն իսկ պաշտոնապես եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի հայկական կողմի առաջարկությունների նախնական փաթեթը, վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստ է, այլ երկրների շարքում, դիտարկել նաև Հունաստանի հետ հետագա համագործակցությունը՝ Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում:
Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զրուցակիցները փաստել են, որ հարաբերություններն այդ ոլորտում, չնայած որոշոկի զարգացմանը, առայժմ չեն արտացոլում երկու երկրներում գոյություն ունեցող հնարավորությունները և զարգացման զգալի ներուժ ունեն: Առավել ևս, որ, ըստ նրանց, դրա համար կողմերի միջև առկա է համապատասխան իրավական դաշտ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Հայաստանի առավել ակտիվ ընդգրկումը Եվրամիության հովանու ներքո տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչը, ըստ, նրա, դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա ևս:
Դեսպան Անտոնիոս Վլավիանոսը և ՀՀ վարչապետը գոհունակությամբ են խոսել մինչ այժմ Հայաստանում հունական կողմի ջանքերով մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, գյուղատնտեսություն, ջրամատակարարման բնագավառ, սպորտ, մշակույթ և այլն, իրագործված ծրագրերի մասին: Ընդգծվել է նաև ռազմական բնագավառում հաջող փոխգործակցության հանգամաքը: Երկուստեք կարևորելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման և զարգացման անհրաժեշտությունը, զրուցակիցներն անընդունելի են համարել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնող Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում նախապայմանների առաջադրումը:
Հանդիպման ավարտին վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: