չորեքշաբթի, 28 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյին:
Վարչապետը նախ հաջողություններ է մաղթել վաղը՝ սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այնուհետև կողմերն անդրադարձել են ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի Կազանում տեղի ունեցած նիստի արդյունքներին: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է կատարել պետությունների ղեկավարների խորհրդի կողմից ընդունված որոշումները, այդ թվում՝ իր հնարավոր մասնակցությունը բերել ԱՊՀ բարեփոխմանն ուղղված գործընթացներին: Զրուցակիցները ԱՊՀ երկրների փոխգործակցության առաջնահերթ ուղղություններից են համարել տնտեսական ինտեգրացումը, անվտանգության և կայունության ապահովումը, հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Տնտեսական և առևտրային փոխգործակցության համատեքստում, որպես Հայաստանի դրական մասնակցության օրինակ, նշվել է, որ ԱՊՀ երկրների հետ Հայաստանի առևտրային շրջանառությունը 2005թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 31 տոկոսով:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, ԱՊՀ միացյալ բյուջեի կազմավորման խնդիրներին: