ուրբաթ, 30 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հյուրերը վարչապետին ներկայացրել են Հայաստան իրենց հերթական այցի նպատակը, այցի ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները, համառոտ անդրադառնալով նաև Ռուսաստանի հայերի միության 5-ամյա գործունեության արդյունքներին, ընթացիկ աշխատանքներին և նախատեսվող ծրագրերին, որոնց հետ կապված որոշակի առաջարկություններ քննարկվել են ՀՀ կառավարության ղեկավարի հետ:
Վարչապետը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը՝ տեղի հայ համայնքի համախմբման, առկա ներուժը համահայկական նշանակության ծրագրերի իրագործմանը նպատակաուղղելու գործում, նշելով, որ այդ գործելաոճը կարող է օրինակ հանդիսանալ նաև այլ երկրներում սփյուռքի մեր հայրենակիցների համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության՝ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության ներուժը ևս լիարժեք օգտագործելու հնարավորությունները: