ուրբաթ, 30 սեպտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Սիրելի ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Գեղեցիկ ավանդույթ դարձած, այսօր նաև պետականորեն նշվող այս տոնը առիթ է մեկ անգամ ևս գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, որոնց դուք, անկասկած, արժանի եք ամենօրյա ձեր տքնաջան ու անձնվեր աշխատանքով: Մատաղ սերնդի՝ հանրապետության ապագա քաղաքացիների կրթության, նրանց ազգային, բարոյական ու քաղաքացիական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակության գործը հայրենանվեր առաքելություն է, որ, չնայած բոլոր դժվարություններին, իրականացնում եք սիրով ու համբերատարությամբ:
Կրթական ոլորտի խնդիրները մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և ամեն տարի դրանց լուծմանն ուղղված թեկուզև ոչ մեծ, բայց իրական քայլերը՝ կրթական համակարգի բարեփոխումից, դպրոցների հիմնանորոգումից, ուսուցչի մասնագիտության նկատմամբ համընդհանուր ուշադրության և հոգածության մթնոլորտի ձևավորումից մինչև համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, կարծում եմ, նկատելի են և այսուհետ էլ հետևողականորեն շարունակվելու են:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ՝ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ձեզ առողջություն, երկար տարիների ստեղծագործ աշխատանք և բազում հաջողություններ: