երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին:
Շնորհավորելով դեսպանին՝ երկրորդ անգամ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կշարունակի նպաստել հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմանը: Հանդիպման ընթացքում Ալեքսանդր Բոժկոն վարչապետին համառոտակի տեղեկացրել է Ուկրաինայի քաղաքական և տնտեսական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, ընդգծելով, որ ներկայումս իրավիճակը երկրում կայուն է, ձևավորվել է նոր կառավարություն՝ փորձառու վարչապետի գլխավորությամբ, կարգավորվում են հարաբերությունները նաև միջազգային ասպարեզում:
Կարևորելով Եվրամիությանը ինտեգրվելու ուղին ընտրած երկու երկրների միջև քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների, մասնավորապես, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հետագա սերտացումը, զրուցակիցներն առավել հանգամանորեն անդրադարձել են հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների հարցերին: Նշելով, որ ապրանքաշրջանառության ներկայիս ծավալը չի համապատասխանում երկու երկրներում գոյություն ունեցող տնտեսական ներուժին, զրուցակիցները վստահություն են հայտնել, որ Առևտրատնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի մինչ այժմ տեղի ունեցած նիստերը, հատկապես 2004թ. մայիսին Կիևում կայացած երրորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև կողմերի միջև ստորագրված մի շարք փաստաթղթերը խթան կհանդիսանան երկկողմ փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը և Ալեքսանդր Բոժկոն պայմանավորվել են՝ միջկառավարական հանձնաժողովի ուկրաինական կողմի նոր համանախագահի նշանակումից հետո, հնարավորինս արագացնել հանձնաժողովի հերթական՝ չորրորդ նիստի անցկացումը, կուտակված խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու նպատակով:
Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր դժվարին և պատվավոր առաքելությունն իրականացնելու գործում: