երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիին:
Դրական գնահատելով Եվրախորհրդի կոնգրեսի հետ Հայաստանի գրեթե տասնամյա համագործակցությունը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացի և դրա վերահսկողության ուղղությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ փոխշահավետ գործակցությունն այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվի: Նա ողջունել է ԵԽ կոնգրեսի նախագահի այցը Հայաստան՝ մանավանդ այն շրջանում, երբ մեր երկրում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց հետևում է նաև կոնգրեսի պատվիրակության դիտորդական առաքելությունը: Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ներկայումս մեր երկրում տեղի են ունենում ակտիվ գործընթացներ, մասնավորապես, սահմանադրական բարեփոխումների քննարկումները. համապատասխան օրինագիծը շուտով դրվելու է հանրաքվեի, ինչպես նաև «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ տեղական իշխանությունների նկատմամբ վերահսկողության առկա համակարգի արդյունավետության բարելավման նպատակով և այլն:
Պարոն Ջովաննի դի Ստազին ընդգծել է, որ հետևելով Հայաստանում տեղական ինքնակառավարման մարինների՝ մինչև այժմ կայացած ընտրություններին, կարող է արձանագրել, որ իրավիճակն այդ ոլորտում նկատելիորեն բարելավվում է, մեծանում է բնակչության մասնակցության աստիճանը, իշխանությունները և հանրությունը որոշակի փորձ են ձեռք բերում ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման ճանապարհին, ինչը չափազանց հուսադրող է: Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին, ԵԽ կոնգրեսի նախագահը կարևորել է, մասնավորապես, Երևանի քաղաքապետի ընտրովիության սահմանումը, իշխանության ապակենտրոնացմանն ուղղված քայլերը: Նա դրական է գնահատել նաև «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի ընդունման գաղափարը: Պարոն դի Ստազին պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին «Տեղական ինքնակառավարման մասին» խարտիայի պահանջների իրականացման հարցում ևս, որը մեր երկիրը վավերացրել է դեռևս 2003թ.:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին ընտրած Հայաստանը միշտ էլ հանդես է եկել հարավկովկասյան տարածաշրջանային ակտիվ փոխգործակցության նախաձեռնությամբ և այսուհետ էլ շարունակելու է ջանքերն այդ ուղղությամբ: ԵԽ կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազին կարևորելով նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը հարևան երկրների միջև, այդ տեսակետից անընդունելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի փակումը: Նա ընդգծել է, որ եվրոպական հանրության համար անհանդուրժելի է նաև եվրոպական տարածքում ամեն տեսակի բաժանարար գծերի անցկացումը: Պատրաստակամություն հայտնելով օժանդակելու տարածաշրջանային համագործակցությանն ուղղված բոլոր՝ այդ թվում նաև Հայաստանի նախաձեռնություններին, նա առաջ է քաշել տեղական ինքնակառավարման մարմինների տարածաշրջանային կենտրոնի ստեղծման գաղափարը, ինչը, ըստ նրա, կնպաստի դրանց միջև տնտեսական, սոցիալական, մշակութային համագործակցության հաստատմանը: Ողջունելով այդ գաղափարը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Հայաստանի կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու նմանատիպ այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կարող են նպաստել նաև ընդհանուր տարածաշրջանային հիմնախնդիրների լուծմանը: Նա ողջունել է վաղը Երևանում մեկնարկելիք «Տրանսսահմանային համագործակցությունը Եվրոպայում» համաժողովը և հաջողություններ է մաղթել երկրների ու ժողովուրդների միջև խաղաղության, հանդուրժողականության հաստատմանն ու կայուն զարգացմանն ուղղված համաժողովի աշխատանքին: