երեքշաբթի, 4 հոկտեմբերի 2005
Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են հոբելյանական միջոցառումների իրագործման ընթացքն ու նախորդ նիստի հանձնարարականների ուղղությամբ կատարված աշխատանքները: Երևանի քաղաքապետի տեղակալ Արման Սահակյանը նշել է, որ հանձնարարականի համաձայն, առաջիկա օրերին մայրաքաղաքի առավել տեսանելի վայրերում կտեղադրվեն Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի խորհրդանշանը պատկերող ցուցապաստառներ: Զեկուցվել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված՝ Մեսրոպ Մաշտոցի վերադարձը հայրենիք պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացման կազմակերպական աշխատանքները ավարտական փուլում են, շուրջ 40 րոպե տևողությամբ այդ ներկայացման վերջին փորձերն են արվում և նախատեսված ժամանակացույցի համաձայն, հոկտեմբերի 7-ին Էջմիածնում կմեկնարկի «Գրոց երթ»-ը: Հոկտեմբերի 8-ին Օշականում տեղի կունենան Թարգմանչաց օրվան նվիրված միջոցառումները, ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ ևս՝ «Ազգային ճակատագիրը և գրականությունը» թեմայով գիտաստեղծագործական կոնֆերանսի անցկացում, հայ գրքի ցուցահանդեսի կազմակերպում, հոբելյանական միջոցառումներին նվիրված ամփոփիչ ֆիլմի նկարահանում և այլն:
Նշվել է, որ կշարունակվեն միջոցառումներ անցկացվել նաև Արցախում, Ջավախքում և Սփյուռքի հայաշատ քաղաքներում: Անդրադառնալով մինչ այժմ իրականացված միջոցառումներին՝ նշվել է, որ պատշաճ մակարդակով կազմակերպվել է Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովը, «Բանբեր Երևանի համալսարանի», «Պատմաբանասիրական հանդեսի» և «Հայագիտական հանդեսի» մեկական համար նվիրվել է Մեսրոպյան գրերի գյուտին, մայրաքաղաքի Նոր-Նորքի 1-ին զանգվածում հիմնվել է հայոց գիրքն ու գրերը պատկերող ծաղկազարդ պուրակ, կազմվել և տպագրվել է «Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը Հայաստանում» քարտեզը, հրատարակվել է Մեսրոպյան գրերի ստեղծման 1600-ամյակին նվիրված հուշանվերային բացիկների հավաքածուն, հրատարակվել են մի շարք գրքեր և այլն:
Կարևորվել է միջոցառումներին զուգահեռ հանրապետությունում և արտերկրում ակտիվ քարոզչության ծավալումը, տպագրված գրականության, թողարկված լազերային սկավառակի և այլ նյութերի նպատակային տարածման համակարգված աշխատանքը: