ուրբաթ, 14 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամներին՝ տնօրեններ Թերենս Բռաունին, Մայքլ Նեումայերին, Գոնզալո Ռամոսին, Ժոզե Վեյգա դե Մասեդոյին, Սքոթ Քլարկին, Իգոր Պոդոլևին, Պիեռ Ստանչինային և տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեյվիին ու բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Մայքլ Վինսթինին, որոնք առաջին անգամ են այսպիսի ներկայանալի պատվիրակությամբ այցելում Հայաստան: Այցի նպատակն է Հայաստանի մասին հնարավորինս տեղեկություններ ստանալը, տեղում ՎԶԵԲ-ի ծրագրերի ընթացքին ծանոթանալը և հետագա համագործակցության ուղղությունների շուրջ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ունենալը: Այդ նպատակով բանկի տնօրենների խորհրդի անդամներն արդեն մի շարք հանդիպումներ են ունեցել՝ բանկային համակարգի, գործարար համայնքի, դիվանագիտական ոլորտի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը նրանք նախ շնորհավորել են կառավարության հետևողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին արձանագրվող տպավորիչ տնտեսական ցուցանիշների կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոբանկը մտադիր է Հայաստանում մեծացնել իր ծրագրերի քանակն ու ընդլայնել և զարգացնել փոխգործակցությունը: Նշելով, որ ցանկացած երկրի համար շատ կարևոր է ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովումը, պատվիրակության անդամները վարչապետի հետ քննարկել են Հայաստանում այդ ուղղությամբ մինչ այժմ ձեռնարկված քայլերն ու հետագա անելիքները:
Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի գործունեությունը մեր երկրում, ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին այն որակական նոր մակարդակի է բարձրացել: Մասնավոր հատվածում գործարար համայնքի հետ աշխատանքը, բանկային, էներգետիկ, ապահովագրական համակարգերում և մի շարք այլ բնագավառներում ՎԶԵԲ-ի կողմից իրագործված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, իրենց ուղղակի ազդեցությունն են ունեցել տնտեսության զարգացման վրա: Նա կարևորել է այս ուղղություններով համագործակցությունը այսուհետ ևս զարգացնելը՝ առաջարկելով հետագա ծրագրերում մասնավոր հատվածի զարգացման նպատակով դիտարկել նաև երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով վարկավորման հնարավորությունները: Այնուհետ վարչապետը պատասխանել է Եվրոբանկի տնօրենների խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին՝ ներկայացնելով մասնավորեցման գործընթացի, արտահանման խթանմանն ուղղված քայլերի, ԱՀՌԾ և Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի իրագործման ուղղությամբ, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումների, տնտեսության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ կառավարության իրականացրած աշխատանքներն ու հետագա ծրագրերը: