հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը:
Գոհունակություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակից, որոնք հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար և այլ ոլորտներում, կողմերը նշել են, որ համագործակցության հետագա խթանմանը զգալիորեն նպաստում են նաև ինչպես վերջերս Երևանում անցկացված Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի, այնպես էլ ավելի վաղ Մոսկվայում կայացած ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերի արդյունքները, որոնցում քննարկվել և որոշումներ են ընդունվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Ընթացքի մեջ է երկու երկրների կառավարությունների միջև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում մտավոր գործունեության արդյունքների փոխադարձ պաշտպանության իրավունքի, երրորդ երկրներ ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործում փոխգործակցության մասին համաձայնագրերի մշակումը, ինչը, ըստ նրանց, լրացուցիչ ազդակ կհանդիսանա ռազմատեխնիկական ոլորտում փոխշահավետ գործակցության զարգացման համար: Անդրանիկ Մարգարյանը և Յուրի Բալուևսկին, այդուհանդերձ, ուշադրություն են հրավիրել նաև մի շարք խնդիրների վրա: Նրանք ընդգծել են, մասնավորապես, ռազմա-արդյունաբերական բնագավառում հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության (ԿԱՊԿ) շրջանակներում 2003թ. ապրիլին Դուշանբեում ստորագրված համաձայնագրին համապատասխան ռազմավարական ուղղություններից մեկը համարվող Երևան-Ռոստով երկաթուղային հատվածի գործարկման, Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված միացյալ զորախմբի մարտական, տեխնիկական և թիկունքային ապահովման բարելավման, ԿԱՊԿ-ի անդամ երկրների համար զինվորական կադրերի պատրաստման վերաբերյալ 2005թ. հունիսին ստորագրված համաձայնագրի վավերացման և այլ հարցերը:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուևսկին մեկ անգամ ևս հավաստել են, որ ռազմական բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը ոչ միայն հաջողությամբ է ընթանում, այլև լավ հեռանկարներ ունի: