ուրբաթ, 21 հոկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության 2005թ. բյուջեի առաջին կիսամյակի կատարման հաշվետվությանը և խորհրդի անդամներին է ներկայացվել հիմնադրամի խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վազգեն Խաչիկյանը զեկուցել է, որ հաշվետու ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման նախանշված ցուցանիշը կատարվել է 101,4 տոկոսով (30 մլրդ 733.9 մլն դրամի դիմաց փաստացի եկամուտները կազմել են 31 մլրդ 167 մլն դրամ): ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող սոցիալական ծրագրերով նախատեսված 9 մլրդ 912.4 մլն դրամի դիմաց ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 9 մլրդ 461.9 մլն, իսկ փաստացի ծախսվել՝ 9 մլրդ 498.1 մլն դրամ: Ըստ հիմնադրամի նախագահի, մասնավորապես, 105 մլն դրամի լրացուցիչ ծախս է կատարվել «Հղիության և ծննդաբերության» նպաստի գծով: Նշվել է, որ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման ծավալների ավելացման արդյունքում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հիմնադրամին հաջողվել է կենսաթոշակային ապահովագրության, զբաղվածության, ինչպես նաև սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի գծով իրականացվող վճարումներն ապահովել սահմանված ժամկետներում: Վազգեն Խաչիկյանը զեկուցել է, որ հաշվետու կիսամյակում հիմնադրամի ծախսը կենսաթոշակային ապահովագրության գծով (ներառյալ վճարման ծառայության վարձավճարը) կազմել է 27 մլրդ 67.5 մլն դրամ, որը պարտադիր սոցիալական ապահովագրության միջոցների հաշվին կատարված ընդհանուր ծախսի շուրջ 97.3 տոկոսն է: ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. ապրիլի 1-ից հիմնական կենսաթոշակի ամսական չափը 3000 դրամի դիմաց 4000 դրամ սահմանվելու կապակցությամբ, ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական միջին ամսական կենսաթոշակի չափը կազմել է 10189 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8373 դրամի դիմաց (աճը կազմել է 1816 դրամ): Հաշվետվության համաձայն, 2005թ. առաջին կիսամյակում որոշակիորեն կանոնակարգվել են նաև կենսաթոշակների նշանակման և վերահաշվարկման գործընթացները: Հայաստանի սոցիալական բարեփոխումների շրջանակներում անհրաժեշտ գործառույթներ են իրականացվել նաև քաղաքացիներին սոցիալական քարտերի տրամադրման, անհատական հաշվետվությունների համակարգի ներդրման նպատակով: «Կրթության և որակի համապատասխանության» վարկային ծրագրի «Դպրոցական աշխատակազմի օպտիմալացման սոցիալական աջակցության ենթածրագրերի» շրջանակներում շարունակվել է կրճատված ուսուցիչներին միանվագ նպաստների վճարման գործընթացը: Զեկուցման մեջ անդրադարձ է եղել նաև հիմնադրամի աշխատանքներում դեռևս առկա թերություններին ու բացթողումներին: Մասնավորապես, նշվել է, որ պարտադիր ապահովագրության վճարների հաշվին զբաղվածության պետական ծրագրերի գծով 2005թ. առաջին կիսամյակի ծախսը նախատեսված 420 մլն դրամի փոխարեն կազմել է ընդամենը 174.9 մլն դրամ (կատարվել է 41.6 տոկոսով), ինչը բացատրվել է որոշ դեպքերում «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով պետական գնումների իրականացման գործընթացում առաջ եկող կազմակերպչական խնդիրներով: Հանձնարարվել է լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել սոցիալական ծրագրերի ֆինանսավորման գործընթացի հետագա կանոնակարգման, հիմնադրամի գերակա խնդիրների արդյունավետ իրականացման ուղղությամբ:
Խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնի օրինակելի կանոնադրությունը, քննարկվել և հանձնարարականներ են տրվել նաև ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ: