երեքշաբթի, 25 հոկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի 70-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման, ինչպես նաև տարեկան ծրագրով նախատեսված առաջիկա միջոցառումների իրականացման ընթացքը: Զեկուցվել է, որ ավելի քան երկու տասնյակ միջոցառումների զգալի մասն արդեն իսկ կատարվել է, նախապատրաստական աշխատանքներ են տարվում հոբելյանի նշման եզրափակիչ փուլի միջոցառումների իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտին են մոտենում «Չեզոք գոտի» պիեսի բեմադրման աշխատանքները, որի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 30-ին: Ընթացքի մեջ են գրողի ապրած շենքի բակում տեղադրվելիք հուշաքարի, տուն-թանգարանի նախագծման, երկերի երկհատորյակի հրատարակության, գիտաժողովի կազմակերպման աշխատանքները, որոնք կավարտվեն նախատեսված ժամկետներում:
Հանձնաժողովի որոշմամբ Վանաձորում գրողի արձանի բացումը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, իսկ գլխավոր միջոցառումը՝ Հրանտ Մաթևոսյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն կկայանա դեկտեմբերի 2-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: