ուրբաթ, 28 հոկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, նախորդ նիստի հանձնարարականի համաձայն, խորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հաշվետվությունը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հաշվետվությունը:
Առաջին հարցի վերաբերյալ, հարկային պետական ծառայության ղեկավարը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1522-Ն որոշման համապատասխան, ծառայության կողմից գույքագրվել են հարկային օրենսդրությամբ գործող բոլոր արտոնությունները և ներկայացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մշակվել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ: Իրականացվել է նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու պարտավորությունը. օրենքում կատարված համապատասխան փոփոխությունները գործում են 2004թ. հունվարից: Ըստ զեկուցողի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը և ներկայումս լրամշակման փուլում է, իսկ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը ներկայացվել են ԱԺ: Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն անդրադարձել է հարկային ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև ծառայության վերահսկողության վարչության կողմից կատարված աշխատանքներին ու հրապարակայնության ապահովման ուղղությամբ կատարված քայլերին և դրանց արդյունավետությանը:
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հարցի հետ կապված, հանձնարարվել է արագացնել գործընթացը, ինչպես նաև մինչ դրա կիրառումը փորձնական ծրագիր իրականացնել:
Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ, մաքսային պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ այդ մարմնի գործունեության ոլորտում Հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացվում է մի քանի ուղղություններով: Նա հանգամանորեն անդրադարձել է, մասնավորապես, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների տեխնիկական հագեցվածության բարելավման, մաքսային մարմինների միջև ընդհանուր կապ ապահովող ցանցի ներդրման, մաքսային ընթացակարգերի հրապարակայնության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Ըստ Արմեն Ավետիսյանի, 2004թ. ընթացքում մաքսային մարմիններում սկսվել է մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող անձանց և արտաքին տնտեսական գործունեության որոշ մասնակիցների համար ինքնահայտարարագրման (մաքսային հայտարարագիրն ինքնուրույնաբար լրացնելու) համակարգի ներդրումը: Հաշվետվության համաձայն, աշխատանքներ են կատարվել նաև մաքսային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից: Մասնավորապես, 2004թ. դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվել են ՀՀ մաքսային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ մաքսային ծառայության մշակած և կառավարության հավանությանն արժանացած օրինագծերը:
ՀՀ վարչապետը հանձնարարել է՝ խորհրդին ներկայացված հաշվետվությունների հրապարակայնությունն ապահովելու նպատակով, նախորդների նման, դրանք ևս ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային էջում:
ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան, նիստում ռոտացիոն կարգով փոփոխություններ են կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից նեկայացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կազմում: