երեքշաբթի, 1 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բելգիայի սենատի նախագահ Անն-Մարի Լիզինին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Շնորհավորելով Բելգիայի անկախության 175-ամյակի և դաշնային համակարգի ստեղծման 35-ամյակի առթիվ, վարչապետն ընդգծել է, որ պետական կառուցվածքի, ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման բելգիական փորձը կարող է ուսանելի լինել եվրաինտեգրման ուղին ընտրած մեր երկրի համար: Նշելով վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև տարբեր մակարդակի շփումների ակտիվացումը, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայ և բելգիացի խորհրդարանականների փոխգործակցության ամրապնդումը, նա գոհունակություն է հայտնել նաև Բելգիայի իշխանությունների կողմից միջազգային կազմակերպություններում մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու կապակցությամբ:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Անն- Մարի Լիզինի այս այցը ևս զգալիորեն կնպաստի հայ-բելգիական հարաբերությունների սերտացմանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, այնպես էլ «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակներում Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության հնարավորություններին:
Տիկին Անն-Մարի Լիզինի խնդրանքով, Հայաստանի կառավարության ղեկավարը համառոտակի ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, տարածաշրջանային գործընթացների, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների ներկայի և հեռանկարների, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով Բելգիայի սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատիժ սահմանելու մասին օրինագծի վերաբերյալ Բելգիայի խորհրդարանում ընթացող քննարկումները:
Նշելով, որ Բելգիան 2006թ. ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, տիկին Անն-Մարի Լիզինը այդ շրջանակներում իր երկրի գործունեության առաջնահերթություններից է համարել աջակցությունը Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու երկու երկրների միջև սահմանի բացմանը, ինչը, ըստ նրա, բխում է ընդհանուրի շահերից: Որպես նաև ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի գլխավոր հանձնաժողովի զեկուցող, Բելգիայի սենատի նախագահը հետաքրքրվել է Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումների, հանրաքվեի նախապատրաստական գործընթացի հարցերով ևս: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ սահմանադրական փոփոխություններն ամրագրում են վերջին տասը տարում ժողովրդավարացման ուղղությամբ երկրում տեղի ունեցած բարեփոխումները և բխում են առաջին հերթին հենց մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Նշելով, որ Բելգիան այդ ոլորտում Հայաստանի կարևոր գործընկերն է, նրանք, միաժամանակ, ընդգծել են, որ այդ բարձր ցուցանիշը հիմնականում ապահովվում է ադամանդների առևտրի շնորհիվ, մինչդեռ համագործակցության զգալի ներուժն առկա է նաև բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության, գիտակրթական, մշակութային և այլ բնագավառներում, որը ևս անհրաժեշտ է արդյունավետորեն զարգացնել: