երեքշաբթի, 22 մայիսի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանի 80-ամյակի կապակցությամբ Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի Շինուհայր, Հալիձոր, Տաթև գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ծանոթանալով հիշյալ գյուղերի խնդիրներին՝ խոստացավ դրանք կառավարությունում քննարկել և լուծումներ գտնել:
Վերադառնալուց հետո գյուղացիների բարձրացրած հարցերը քննարկվեցին, վարչապետի կողմից մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների տրվեցին հանձնարարականներ՝ կատարման հստակ ժամկետներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց՝
-Սյունիքի մարզպետի հետ քննարկել Շինուհայրի և Հալիձորի ոռոգման համակարգի հիմնախնդիրները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ և 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին:
-Սյունիքի մարզպետին վարչապետը հանձնարարեց՝
-Շինուհայրի ճանապարհի վերանորոգման նպատակով լրացուցիչ միջոցների տրամադրման հնարավորության հարցը քննարկել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի հետ, արդյունքների մասին 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին: Ինչպես նաև Շինուհայրի ռետինատեխնիկական իրերի գործարանի վերագործարկման բիզնես-ծրագրի առկայության դեպքում՝ կազմակերպել դրա համապատասխան տեսքով ձևավորումը և փորձաքննությունը Զարգացման հայկական գործակալության միջոցով:
-ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանձնարարություն ստացավ Շինուհայր, Հալիձոր, Տաթև և հարակից գյուղերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով, սահմանված կարգով, լրացուցիչ տրամադրել ճապոնական դրամաշնորհի հաշվին ձեռք բերված 1 տրակտոր: Արդյունքների մասին 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին:
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվեց 7-օրյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման նախարարին ներկայացնել առաջարկություն Շինուհայր, Հալիձոր, Տաթև և հարակից գյուղերի հեռուստատեսային հաղորդումների որակի բարելավման ուղղությամբ:
-ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց ամփոփել հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետին:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականները կատարված են.
Տարածքային կառավարման նախարարը զեկուցել է վարչապետին, որ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն քննարկել է Շինուհայրի և Հալիձորի ոռոգման համակարգի հիմնախնդիրները: Շինուհայր-Հարժիս-Հալիձոր պոմպակայանում նախագծով նախատեսված է եղել և տեղակայվել է երեք հատ պոմպ: Ազգամիջյան ընդհարումների ժամանակ պոմպակայանը չի պապանվել և թալանվել է, որի պատճառով ոռոգման ջուր է մատակարարվել միայն Շինուհայրի համայնքին: Այն ունեցել է ջրօգտագործման պայմանագիր, իսկ Հալիձորի համայնքն արդեն մի քանի տարի ոռոգման ջրի պահանջ չի ներկայացրել: Մինչև 2001 թվականի մայիսի վերջը «Ոռոգում» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանում կտեղադրվի նոր պոմպ և ոռոգման ջուր կտրվի նաև Հալիձոր համայնքի սպառողներին:
-Շինուհայրի ճանապարհի վերանորոգման նպատակով լրացուցիչ միջոցների տրամադրման հնարավորության հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում:
-ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Սյունիքի մարզին հատկացվել է լրացուցիչ մեկ տրակտոր:
-Շինուհայրի ռետինատեխնիկական իրերի գործարանի վերագործարկման բիզնես ծրագիրը կազմված է և ներկայացվել է Զարգացման հայկական գործակալություն, իսկ ընկերության արտադրանքի իրացումը խթանելու խնդրանքով մարզպետի կողմից 14.05.2001թ. N 04919 գրությամբ միջնորդություն է ուղարկվել ՀՀ վարչապետին:
-ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից քննարկվել է Սյունիքի մարզի Շինուհայր, Հալիձոր, Տաթև համայնքներում հեռուստատեսային հաղորդումների որակի բարելավման հարցը և պարզվել, որ նշված համայնքներում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրերն ընդունվում են Բարձրավանի հեռուստակայանից՝ լավ որակով:
Միաժամանակ Հանրապետության բնակավայրերում հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովելու միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և 25.04.2001թ. ուղարկվել է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների համաձայնեցմանը: