երեքշաբթի, 1 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում կուսակցության հիմնադրման 120-ամյակի առիթով:
Վարչապետը բարձր է գնահատել սփյուռքում հայապահպանման, համազգային նպատակների շուրջ համախմբման գործում Ռամկավար ազատական կուսակցության ծավալած արդյունավետ գործունեությունը: Նա կարևորել է կուսակցության մասնակցությունը նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Պատվիրակության անդամների խնդրանքով վարչապետն իրազեկել է նրանց հանրապետության քաղաքական ու տնտեսական վերջին զարգացումներին, նշելով, որ 2006թ. աշնանը կայանալիք Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովում նախատեսվում է, այլ հիմնախնդիրների թվում, քննարկումներ ծավալել նաև տնտեսական ոլորտում համագործակցության արդեն իսկ որոշակի ծրագրերի, հնարավորությունների ու հեռանկարների շուրջ:
ՌԱԿ կենտրոնական վարչության համաատենապետ Ասատուր Տևլաթյանը և պատվիրակության մյուս անդամները հավաստիացրել են, որ կուսակցության գլխավոր նպատակը հայրենիքի հզորացումն է, անկախ պետականության ամրապնդումը և իրենց պատրաստակամությունն են հայտնել բոլոր հնարավորությունները ներդնելու հայրենիքի ու ժողովրդի բարգավաճման նպատակի համար: