երեքշաբթի, 1 նոյեմբերի 2005
Նոյեմբերի 16-18-ին Թունիսում տեղեկատվական հասարակությանը նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվելիք մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, պրոֆեսոր Փիթեր Բրուքը նամակ է հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որով հրավիրել է նրան` միանալու գագաթաժողովին մասնակցող պետություններից և ՄԱԿ-ի կազմակերպություններից ընտրված այն 8 ղեկավարներին, որոնք հանդիսավոր պայմաններում պատվավոր նախագահության կազմում հաղթողներին կհանձնեն 8 կարգերում առաջարկվող մրցանակները: Ընդգծելով, որ թունիսյան գագաթաժողովում տեղի ունենալիք լավագույն ինտերակտիվ բովանդակության միջազգային մրցանակաբաշխությանն ի ցույց կդրվեն աշխարհի 168 երկրներից ներկայացված աշխատանքներ, որոնցից լավագույնները պաշտոնապես կընտրվեն նոյեմբերի 16-ին Էլ Քրամ Պալէքսպո մեծ ցուցասրահում և միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանի ներկայացրած «Արամ Խաչատրյան. գործունեությունը և կյանքը» նախագիծն արժանացել է մրցանակի, կազմկոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը կընդունի հրավերը և կմասնակցի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Անդրանիկ Մարգարյանը դրական է արձագանքել հրավերին: Թունիսյան գագաթաժողովին մասնակցելուց ու ելույթ ունենալուց բացի, նա կմասնակցի նաև մրցանակաբաշխության արարողությանը: