երեքշաբթի, 1 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային Ժողովի 15-ամյակի կապակցությամբ, որտեղ, մասնավորապես, ասված է.
«1990 թվականին ժողովրդի կամքի ազատ դրսևորմամբ ընտրված Գերագույն Խորհուրդը պատվով իրականացրեց իր պատմական կարևոր առաքելությունը՝ հռչակեց Հայաստանի անկախությունը, հիմքեր նախապատրաստեց աշխարհաքաղաքական նոր իրավիճակին համապատասխան որակապես նոր օրենսդրության ձևավորման, բազմակուսակցական համակարգի, քաղաքացիական ինստիտուտների կայացման, արմատական բարեփոխումների համար իրավական դաշտի ստեղծման, ժողովրդավարության աստիճանական հաստատման և քաղաքակիրթ աշխարհի հետ երկխոսության սկզբնավորման համար:
Հետագա տարիներին մեր երկրի գերագույն օրենսդիր մարմինը ոչ միայն կարողացել է դիմակայել ժամանակի փորձություններն ու մարտահրավերները, այլև իշխանության մյուս թևերի հետ սերտ համագործակցությամբ, իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել երկրում կայունության պահպանման, հասարակական համերաշխության ապահովման, պետության ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ, Հայաստանի Ազգային Ժողովին մաղթում եմ բեղմնավոր ու ստեղծարար գործունեություն՝ ի շահ մեր անկախ պետականության հզորացման, երկրի ու ժողովրդի հետագա բարգավաճման»: