Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 նոյեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն է տվել հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2006-2015թթ. ռազմավարությանը, որը բխում է «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից: Ռազմավարության նպատակը հաշմանդամության հետևանքների հաղթահարման միջոցով հաշմանդամների ինտեգրումն է հասարակություն՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ հաշմանդամների համար հասարակական բոլոր բնագավառներում հավասար իրավունքների և հնարավորությունների, հաշմանդամ երեխաների կրթության, հաշմանդամների զբաղվածության, նրանց հիմնահարցերի վերաբերյալ հանրային իրազեկության ապահովումը: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել ռազմավարության իրականացումը:

Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև Գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագրին: Որոշումն ընդունվել է «ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ

կառավարության 2005թ. հունիսի 1-ի N989-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ապահովման նպատակով: Գործողությունների ծրագրով նախատեսված է միջոցառումներ իրականացնել, մասնավորապես, խմելու և ոռոգման ջրի, էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ընդհանուր առմամբ 215 մլն 446.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ՀՀ մարզպետարաններին: Որոշումն ընդունվել է հանրակրթական դպրոցներում 2005թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հեղուկ վառելիքով ջեռուցման գծով անհրաժեշտ լրացուցիչ գումարների հատկացման նպատակով: Այլ որոշումներով, ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդից 8 մլն դրամ է հատկացվել նաև Կոտայքի մարզպետարանին՝ Պտղնիի միջնակարգ դպրոցում սանիտարահիգիենիկ և ջերմային բավարար պայմաններ ապահովելուն ուղղված հիմնանորոգման աշխատանքներ կատարելու, ևս 9 մլն 276 հազար դրամ հատկացվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2005թ համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով:

Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել «ՀՀ-ում 2005թ. երրորդ եռամսյակում մասնավորեցման գործընթացի մասին» հաշվետվությունը: Նշվել է, որ 2005թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին մասնավորեցվել է 5 ընկերություն (կնքվել են մասնավորեցման պայմանագրեր), նախորդ տարվա երրորդ եռամսյակի 9-ի համեմատ: Մրցույթով մասնավորեցման (օտարման ) է ներկայացվել 13 օբյեկտ (այդ թվում՝ ընկերություններ, դրանց գույքի առանձնացված 5 պետական գույք, ինչպես նաև 1 անավարտ շինարարության օբյեկտ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9-ի դիմաց: Դրանցից 4-ի մրցույթը կայացել է: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման է ներկայացվել 6 ընկերություն (նախորդ տարվա երրորդ եռամսյակի 7-ի համեմատ), որից մեկի գնորդի հետ կնքվել է մասնավորեցման պայմանագիր: Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցվել է նաև 5 «փոքր» օբյեկտ (նախորդ տարվա 22-ի դիմաց): Հաշվետվության համաձայն, 2005թ. երրորդ եռամսյակում մասնավորեցված պետական գույքի դիմաց վճարումները կազմել են ընդամենը 278 մլն 223.3 հազար դրամ և 14.45 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցումից ստացված միջոցներից հաշվետու շրջանում համայնքներին է փոխանցվել 75 մլն 696.8 հազար դրամ:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրն ի գիտություն է ընդունել նաև «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2004թ. գործունեության նկատմամբ հսկողության արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը»: Նշվել է վերստուգող հանձնաժողովների ձևավորման և գործունեության բնագավառում հաշվետու շրջանում նկատելի դրական տեղաշարժը, ըստ որի ընկերությունների 53 տոկոսի մոտ հավաստվել է վերստուգող հանձնաժողովների կամ վերստուգողների առկայությունը, ավելացվել է ընթացիկ ստուգումների, բացահայտված խախտումների թիվը, փաստացի վերականգնված գումարների ծավալը: Այդուհանդերձ, հաշվետվության համաձայն, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով վերստուգող հանձնաժողովներին (վերստուգողներին) վերապահված լիազորությունները լիարժեք չեն իրականացվում, ինչը վկայում է դրանց դեռևս ոչ բավարար արդյունավետության, հետևաբար նաև այս ինստիտուտի կայացման ուղղությամբ աշխատանքների շարունակման անհրաժեշտության մասին: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ նախարարներին և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ հիմք ընդունելով հսկողության արդյունքներն ու եզրակացությունները, ապահովել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան արդեն ձևավորված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության շարունակականությունը՝ մինչև ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշմամբ նախատեսված կարգով վերստուգող հանձնաժողովների անդամների (վերստուգողների) նշանակումը:

Կառավարությունը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է 2006թ. պետական բյուջեով նախատեսված գումարները՝ ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման դեպքերում եկամտահարկով չհարկելու անհրաժեշտությամբ:

Այլ որոշումներով, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 25 մլն դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «Կիլիկիա» նավի նավարկության նախապատրաստման նպատակով «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբին տրամադրելու նպատակով: Կառավարության պահուստային ֆոնդից ևս 1 մլն 200 հազար եվրոյին համարժեք դրամ է հատկացվել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Աթենքում ՀՀ դեսպանության շենքի գնման համար:

Կառավարությունը որոշել է թույլատրել ՀՀ էներգետիկայի նախարարությանը՝ «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցում» ծախսային ծրագրով նախատեսված 85 մլն 800 հազար դրամը հատկացնել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին՝ որպես կանոնադրական կապիտալի ավելացում, այդ ընկերության և «Կոջեմա Լոջիստիկս» ֆրանսիական կազմակերպության միջև 2005թ. սեպտեմբերի 30-ին կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:

«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է կշռածրարման, վաճառքի ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիս հետո, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի պահանջները չեն տարածվում մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը փաթեթվածքներում չափածրարված ապրանքների վրա:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2005թ. իր պահուստայի ֆոնդի հաշվին 19 մլն 779.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ 2005թ. ընթացքում լրացուցիչ ձեռք բերվելիք փորձաքննությունների կատարման ծառայությունների դիմաց վճարելու նպատակով:

Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 12-ի «2005-2008թթ. հարկային և մաքսային բարեփոխումների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 755-Ն որոշման պահանջներով: Մասնավորապես, նախագծով նախատեսվում է արտարժութային տարբերությունների մասով հարկման մոտեցումները համապատասխանեցնել հաշվապահական հաշվառման քաղաքականությանը՝ այդ տարբերությունը դիտարկելով համապատասխանաբար եկամուտ կամ ծախս: Նվազագույն շահութահարկը հաջորդ ժամանակաշրջան տեղափոխելու համար նախատեսվում է 5 տարվա ժամկետ, այն համապատասխանեցնելով հարկային վնասը հաջորդ ժամանակաշրջաններ տեղափոխելու ժամկետի հետ, ինչպես նաև առաջարկվում է ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նոր՝ խմբակային եղանակ:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է թունաքիմիկատների և պարարտանյութերի վաճառքի առանձնահատկությունները:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. սեպտեմբերի 23-ի «ՀՀ պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման մեջ՝ ՀՀ պետական մարմինների ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների կապի և կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների հաշվարկման հիմքում դրվող միասնական նորմաներ սահմանելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել ՀՀ մշակույթի և երկիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Որոշմամբ սեփականության իրավունքով նշված ՊՈԱԿ-ին է հանձնվել 100 հազար դրամ արժողությամբ գույք, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

Նիստում ընդունված որոշումներից մեկը վերաբերել է ՀՀ-ում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի հավաստագրման կարգի հաստատմանը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել ՀՀ անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի համար հայտի ձևը:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է նշված ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը և պայմանները: Որոշման համաձայն, դրանք իրականացվում են ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հավանություն է տվել ՀՀ հողային օրենսգրքում և «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս: Որոշումն ընդունվել է նշված օրենսգրքի և օրենքի դրույթների համապատասխանեցման նպատակով: Մասնավորապես, բռնադատվածներին իրավունք վերապահող արտոնություններից օգտվելու հնարավորություն ընձեռելու նպատակով, նախագծերով նախատեսվել է ժամկետների վերանայում այն բռնադատվածների նկատմամբ, ովքեր տարբեր պատճառներով (հանրապետությունում չգտնվելու, համապատասխան արտոնությունների մասին չիմանալու և այլն) բաց են թողել սահմանված ժամկետները և չեն օգտվել իրենց հասանելիք արտոնություններից: «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերն անհատույց տրամադրվում են մինչև 2007թ. հունիսի 30-ը:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, նիստում հաստատվել է ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգը: Դրանով կարգավորվում է ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների, ռազմական դրության պայմաններում և հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում բնակչության ազդարարման գործընթացը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1994թ. մարտի 22-ի «Քաղաքացիական պաշտպանության՝ բնակչությանը կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կարգավորման մասին» N122 որոշումը:

Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ավելացնել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար օրենսգրքով նախատեսված տուգանքի չափերը: Որոշումն ընդունվել է Պետական հրդեհային տեսչության աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, հրդեհների պատճառած մարդկային ու նյութական կորուստները նվազեցնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում, որի հիմնական նպատակներն են՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան մարդկանց թրաֆիկինգի բնորոշումը, հանցավորության այդ տեսակի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով առավել արդյունավետ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը, մարդկանց թրաֆիկինգի և պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու հանցակազմերի հստակ սահմանազատումը:

Այլ որոշումներով, ՀՀ մաքսային օրենսգրքին համապատասխան, գործադիրը հաստատել է մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների ՀՀ տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը, ինչպես նաև մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին՝ մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման կարգը:

ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ-ի և Համաշխարհային բանկի միջև կնքված N 3175-AM զարգացման վարկային համաձայնագրով իրականացվող, «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի և ABB Utilities GmbH ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունով «Անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի նախկին «Քաջարանի N 4 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի N 5 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը՝ 2778 քմ. ընդհանուր մակերեսով և 8 մլն 500 հազար դրամ սկզբնական արժեքով, հետ վերցնել և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին՝ վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:

Նիստում որոշվել է նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի N 55 հասցեում գտնվող 230 քմ. մակերեսով 18 մլն դրամ հաշվեկշռային արժեքով Գուգարքի ոստիկանության բաժնի նախկին վարչական շենքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ Լոռու մարզպետարանին:

Գործադիրը դրական եզրակացություն է տվել պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Մեկ այլ որոշմամբ, թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Երևան քաղաքի Դ. Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 94.5 քմ. մակերեսով, հաշվեկշռային մեթոդով 423 հազար դրամ գնահատված արժեքով տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Աննա» սպառողների ազգային ասոցիացիային, նույն շենքի 5-րդ հարկից 35 քմ. և ձեղնահարկից 96.1 քմ. մակերեսով, 587 հազար դրամ գնահատված արժեքով տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Գարիկ Կարապետյանին: Պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նաև իր տնօրինության Երևան քաղաքի Ն. Զարյան 22 հասցեում գտնվող շենքի 8-րդ հարկի 37.5 քմ. մակերեսով, 165 հազար դրամ գնահատված արժեքով տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ «Ջավախք» ՍՊԸ-ին, իսկ վարչության տնօրինության Երևան քաղաքի Թևոսյան 1/3 հասցեում գտնվող շենքի 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի 1815.3 քմ. մակերեսով, 8 մլն 281 հազար դրամ գնահատված արժեքով տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Տիգրան Ավետիսյանին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, որոնցով, մասնավորապես, կապահովվի «Հայաստանի ազգային ֆիլմադարան» ՊՈԱԿ-ին 2003թ. սկզբին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող շենքի և շինությունների, ինչպես նաև Հայաստանի ազգային արխիվի Արմավիրի մարզային մասնաճյուղի շենքի պետական գրանցումը, Հայաստանի ազգային արխիվին Հայաստանի ազգային ֆիլմադարանից հանձնվող շենքերի և գույքի կազմի հստակեցումը: ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 11-ի N 1907-Ն որոշմամբ հաստատված առողջության համար վնասակար աշխատանքների ցանկում, կինոարտադրության մասնագետների հետ միասին, կընդգրկվեն նաև կինոարտադրանք պահպանող և վերականգնող մասնագետները:

Նիստում գործադիրը որոշել է նաև հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, 2005թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 550 հազար 180 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2005թ. դեկտեմբերի 25-ին կայանալիք Տավուշի մարզի Աչաջրի գյուղական համայնքի ղեկավարի, Բերդի քաղաքային, Այգեհովտի, Ենոքավանի, Բերդավանի, Ջուջևանի, Չորաթանի, Վերին Կարմիր Աղբյուրի գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի առաջին մասով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ նախագահին՝ 2005թ. նոյեմբերի 10-ին, ժամը 10:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ