երեքշաբթի, 15 նոյեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Գործադիրն առանձին որոշումներով փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին» N 229, ինչպես նաև ՀՀ կառավարության 1997թ. ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների ու փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 և 2000թ. օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշումների մեջ: Հաշվի առնելով, որ նշված որոշումներով հաստատված կարգի և ժամանակացույցի պահանջներին համապատասխան փոխհատուցումներ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (կապալառու կազմակերպությունների հետ փոխադարձ հաշվարկների ակտեր, կատարողական ակտեր, առանձին փայատերերի հաշվին կատարված ֆինանսական հատկացումների վերաբերյալ համապատասխան բանկերի տեղեկանքներ) բացակայում են, որոշվել է սահմանել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման նոր կարգ և ժամանակացույց: Դրանցով նախատեսվում է, մասնավորապես, փայատերերին վճարման ենթակա գումարների հաշվարկի հիմքում դնել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ համապատասխան մարզպետարանների կողմից ներկայացված առանձին կոոպերատիվների շինարարության օբյեկտների ընդհանուր նախահաշվային արժեքների նկատմամբ տոկոսով արտահայտված անավարտ շինարարության փաստացի կատարողականները (որոնք հիմնականում արդեն իսկ արտացոլվել են ժամանակացույցում) և յուրաքանչյուր փայատիրոջ համար նախատեսված բնակելի տան նախահաշվային արժեքը: ՀՀ կառավարության 2002թ. մարտի 12-ի N 229 որոշման մեջ կատարված փոփոխություններով նախատեսվում է նաև փայատերերին հասանելիք վճարումները կատարել մինչև 2010 թվականը:
Գործադիրը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է սպառողների իրավունքները պաշտպանելու և բնակչությանը որակյալ բժշկական օգնություն և սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշումը նպատակ ունի բացառելու չլիցենզավորված սուբյեկտների և չգրանցված դեղերի գովազդը: Սահմանվել է, որ գովազդի վրա պարտադիր պետք է նշվի համապատասխանաբար լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության, դեղի գրանցման համարը, ինչպես նաև լիցենզավորված սուբյեկտի գովազդի համարը: Որոշմամբ նաև կառավարությանը լիազորություն է վերապահվել հաստատել գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու գովազդին ներկայացվող պահանջները:
Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին ևս: Որոշումն ընդունվել է օրենքում գործածվող հիմնական հասկացությունների հստակեցման, դրանք միջազգային չափանիշներին, մասնավորապես, ՄԱԿ-ի 1961թ. թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի, 1971թ. հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայի, 1988թ. թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին կոնվենցիայի տերմինաբանությանը համապատասխանեցնելու նպատակով:
Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշման մեջ՝ կանոնակարգը գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ԱՊՀ մասնակից պետությունների միջև երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության մասին», «Մարդկանց, մարդկային օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «Բնակչության առողջապահության պահպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Որոշումը կնպաստի ԱՊՀ երկրների առողջարաններում Համագործակցության անդամ պետությունների քաղաքացիների առողջարանային և հանգստի կազմակերպման արդյունավետ մեխանիզմների մշակմանը, տրամադրվող ծառայությունների մատչելիության ապահովմանը՝ խթանելով առողջարարական նպատակով քաղաքացիների փոխանակումները երկրների միջև:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը սահմանել է նաև ՀՀ-ում սերմերի խմբաքանակից նմուշ վերցնելու կարգը և նմուշառման ակտի ձևը:
Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1997թ. մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» N 51, ինչպես նաև փոփոխություններ ու լրացում՝ 2005թ. հուլիսի 14-ի «ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» N 1109-Ն որոշումների մեջ: Որոշմամբ Վաղարշապատի քաղաքային համայնքի գույքի ցանկից դուրս բերված և պետական սեփականություն հանդիսացող 2.14 հա բնակավայրերի նշանակության զբոսայգին ու նրա զբաղեցրած հողամասը նվիրաբերվել է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն (առանց կառուցապատման և հետագա օտարման իրավունքի)՝ բարեկարգման, հասարակական հանգստի և հոգևոր-մշակութային կյանքի կազմակերպման նպատակով:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, «Հայաստանի մագնեզիումի և սիլիցիումի» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, կառավարությունը որոշել է թույլատրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ՊՈԱԿ-ին՝ «Քեմիքալ պրոգրես» և «Կոզիկո ԼՏԴ» ՍՊԸ-ների մասնակցությամբ, ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի փորձարարական գործարանի բազայի վրա ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:
Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրինության Երևան քաղաքի Պարույր Սևակի N 5 հասցեում գտնվող՝ 8048 քմ. ընդհանուր մակերես ունեցող, նախկինում «Լ.Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատոր մասնաշենքը, որն առ այսօր ազգային անվտանգության ծառայության կողմից չի օգտագործվել, հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N765 որոշման մեջ: Որոշումն ընդունվել է, հաշվի առնելով, մասնավորապես, ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005թ. ապրիլի 15-ին ստորագրված և 2005թ. հուլիսի 8-ին վավերացված վարկային համաձայնագրով իրականացվելիք «Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի» առանձնահատկությունները:
Այլ որոշումներով կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացումներ կատարել՝ հանրապետության մի շարք համայնքներում անցկացված կամ անցկացվելիք տեղական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով: Այդ թվում. 237 հազար 920 դրամ՝ 2005թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ծովինարի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, 108 հազար 640 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Արմավիրի մարզի Ծիածանի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության, 106 հազար 360 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայանալիք Տավուշի մարզի Լճկաձորի գյուղական համայնքի ավագանու անդամների, 323 հազար 740 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 6-ին կայացած Շիրակի մարզի Սալուտի գյուղական համայնքի ղեկավարի, Կամոյի, Ձիթհանքովի գյուղական համայնքների ավագանու անդամների, 108 հազար 85 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Տավուշի մարզի Պտղավանի գյուղական համայնքի ավագանու անդամների, 341 հազար 95 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 6-ին կայացած Արարատի մարզի Այնթափի գյուղական համայնքի ավագանու անդամների վերաքվեարկության, 105 հազար 170 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Սյունիքի մարզի Գեղիի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության, 340 հազար 920 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ապարանի քաղաքային համայնքի ղեկավարի, 106 հազար 420 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 13-ին կայացած Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի ղեկավարի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:
Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև Արարատի, Տավուշի և Լոռու մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու և Կոտայքի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու, կամ դրանցում փոփոխություն կատարելու և այդ համայնքների վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: