երեքշաբթի, 15 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը այսօր ժամանել է Թունիս՝ նոյեմբերի 16-18-ը ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) 2-րդ փուլին մասնակցելու նպատակով: Գագաթաժողովը բացառիկ հնարավորություն է ընձեռում պետություններին` բարձր մակարդակով քննարկել տեղեկատվական դարաշրջանի արագ փոխակերպվող զարգացումները, դրանց նետած մարտահրավերները, փորձել այդ ամենը միասնական ջանքերով հաղթահարել և արդյունավետ ներդրումների ուղիներ գտնել. «Տեղեկատվական հասարակության համար անհրաժեշտ է հաստատել միասնական քաղաքականություն, որը հիմնված կլինի համակողմանի ուսումնասիրությունների վրա և արդյունավետ ռազմավարական ծրագրեր կապահովի երկրների զարգացման համար»,- այսպես է հիմնավորվում նման համաշխարհային գագաթաժողովի անցկացման անհրաժեշտությունը Հազարամյակի հռչակագրում:
Գագաթաժողովի առաջին` ժնևյան փուլի արդյունքում արդեն իսկ հաստատվել են Սկզբունքների հռչակագիրը և Գործողությունների պլանը: Սկզբունքների հռչակագիրն իր մեջ պարունակում է այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնցով պետք է առաջնորդվեն երկրները, իսկ Գործողությունների պլանը նախատեսված է մինչև 2015 թվականը: Առանձնահատուկ տեղ է հատկացվել ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտությանը և մշակութային բազմազանության պահպանմանը: Կարևորվում են հատկապես առանձին երկրների առաջարկ-ծրագրերը, որոնք քննարկվել են ՏՀՀԳ նախապատրաստական համաժողովներում:
Թունիսյան գագաթաժողովին կմասնակցեն ավելի քան 170 երկրների բարձրաստիճան պետական պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ոլորտի խոշորագույն մասնավոր ընկերություններ: Նախատեսվում է քննարկել Տեղեկատվական հասարակության զարգացմանը վերաբերող ռազմավարական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:
Գագաթաժողովի շրջանակներում, ի թիվս մասնակից այլ երկրների և ոլորտի հեղինակավոր կազմակերպությունների, Հայաստանը ևս ՏՏ ոլորտի իր ձեռքբերումներով ներկայացված է լինելու առանձին տաղավարով:
Վաղը՝ նոյեմբերի 16-ին, նախատեսվում է, որ վարչապետը և ՀՀ պատվիրակության անդամները կայցելեն հայկական, ինչպես նաև ՏՏ ոլորտի հեղինակավոր «Ինտել» և «ԱլկաՏել» ընկերությունների տաղավարներ, կմասնակցեն Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության գլխավոր ժյուրիի կողմից 2005թ. աշխարհի լավագույն մշակութային CD/DVD ճանաչված` «Արամ Խաչատրյան. գործունեությունը և կյանքը» սկավառակի շնորհանդեսին և համաշխարհային գագաթաժողովի գալա մրցանակաբաշխությանը: