երեքշաբթի, 22 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ անդամ պետությունների միջև առևտրատնտեսական, ֆինանսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի շուրջ մեկ տասնյակ հարցեր, կստորագրվեն մինչ նիստը նախապատրաստված և փոխհամաձայնեցված երկու տասնյակից ավելի փաստաթղթեր: Մասնավորապես, նախատեսվում է քննարկել և որոշումներ ընդունել մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում ազգային արտադրողների կողմից թողարկվող մրցունակ արտադրանքը ԱՊՀ ներքին շուկա և երրորդ երկրների շուկաներ արտահանմանը նպաստող միջնաժամկետ միջոցառումների համալիրի, Համագործակցության անդամ պետությունների ընդհանուր էներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի, ինչպես նաև բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի մասին կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամները կլսեն նաև ԱՊՀ պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նախագահ Վ. Իգնատենկոյի հաշվետվությունը՝ Համագործակցության անդամ պետությունների ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման մասին 2003թ. սեպտեմբերի 18-ի համաձայնագրի կատարման վերաբերյալ:
Նախատեսվում է, որ խորհրդի նիստում կստորագրվեն նաև ԱՊՀ անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության միասնական մեթոդաբանության մասին (նոր խմբագրմամբ) որոշումը, մարդկանց, մարդու օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարի վերաբերյալ համաձայնագրին, արտադրանքի ու ծառայությունների բնագավառում նվաճումների համար ԱՊՀ մրցանակաբաշխությանը, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների և դրանց վերադարձման ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԱՊՀ անդամ պետությունների համաձայնագրերին, նաև 2006թ. ԱՊՀ միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման ու զարգացման համար միջոցների հատկացմանը և այլ հարցերին առնչվող որոշումներ: