ուրբաթ, 25 նոյեմբերի 2005
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Աշխատանքային այցով Մոսկվա ժամանած ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:
Մինչ ընդլայնված կազմով խորհրդի նիստը, տեղի է ունեցել վարչապետների առանձին փակ հանդիպում, որից հետո խորհրդի նիստում Համագործակցության անդամ պետությունների վարչապետները քննարկել են ԱՊՀ երկրների միջև առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի շուրջ երեք տասնյակ հարցեր: Մասնավորապես, ի գիտություն է ընդունվել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2000թ. հունիսի 20-ի որոշմամբ հաստատված՝ մինչև 2005թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ-ի զարգացման գործողությունների ծրագրի կատարման մասին ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը: Նշվել է, որ 2005թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ, գործողությունների ծրագրով նախատեսված 94 միջոցառումներից 77-ը կատարվել կամ իրականացման փուլում են: Տնտեսական խորհրդի կողմից ծրագրից հանվել է 10, չի կատարվել ընդամենը 7 միջոցառում: Տեղեկանքի համաձայն, մասնավորապես, տնտեսական համագործակցության բնագավառում իրականացման ենթակա 44 միջոցառումներից 32-ը (կամ 72.8 տոկոսը) իրականացվել են, վեցը կատարման ընթացքում է, ևս 6 միջոցառում չի իրականացվել: Առաջընթաց է արձանագրվել հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներում համագործակցության բնագավառում, լիովին կատարվել են ռազմական, սահմանների պահպանության, հումանիտար (այդ թվում՝ կրթության, առողջապահության) ոլորտներում փոխգործակցությանն ուղղված միջոցառումները:
Որոշմամբ հանձնարարվել է ԱՊՀ տնտեսական խորհրդին, ԱՊՀ գործադիր կոմիտեին, անդամ պետությունների ճյուղային համագործակցության մարմիններին և գործողությունների ծրագրի միջոցառումների պլանի առանձին կատարողներին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դեռևս ընթացքի մեջ գտնվող միջոցառումները 2006 թվականին ավարտելու համար:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունների ղեկավարների խորհուրդն ի գիտություն է ընդունել նաև 2003-2010 թվականներին տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի վերաբերյալ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացրած տեղեկատվությունը: Նշվել է, որ 2003 թվականին պլանով նախատեսված 6 միջոցառումներն ամբողջությամբ կատարվել են, 2004-ին՝ 22 միջոցառումներից նշված ժամկետում իրականացվել է 8-ը, 14-ը ընթացքի մեջ է, իսկ 2005թ. ծրագրված 13 միջոցառումներից կատարվել է 1-ը, մյուսներն իրականացման փուլում են: Հանձնարարվել է ԱՊՀ տնտեսական խորհրդին՝ ապահովել միջպետական ու միջկառավարական խորհուրդների (մարմինների) նպատակաուղղված աշխատանքը՝ պլանի միջոցառումների իրականացման և դրանից բխող խնդիրների լուծման ուղղությամբ:
ԱՊՀ վարչապետների խորհուրդը հաստատել է Համագործակցության պետությունների ընդհանուր էներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը մշակվել է ԱՊՀ անդամ պետությունների էլեկտրաէներգետիկական համակարգերի զուգահեռ աշխատանքի ապահովման մասին 1998թ. նոյեմբերի 25-ի պայմանագրի իրականացման շրջանակներում: Հանձնարարվել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդին, ԱՊՀ գործադիր կոմիտեի հետ համատեղ, ուսումնասիրել անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի ձևավորման հայեցակարգի իրականացումը և անհրաժեշտության դեպքում տնտեսական խորհրդին տեղեկացնել դրա ընթացքի վերաբերյալ: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է ԱՊՀ անդամ պետություններում մեծերի կրթության զարգացման հայեցակարգը ևս, որի գլխավոր նպատակներից մեկը անհատի մշտական ինքնակատարելագործման, սոցիալ-տնտեսական փոփոխություններին նրա հարմարվելու համար նպաստավոր պայմանների ստեղծումն է:
Նիստում որոշում է ընդունվել նաև ԱՊՀ բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի մասին կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ: Լսվել և ի գիտություն է ընդունվել ԱՊՀ պետական տեղեկատվական գործակալությունների ղեկավարների խորհրդի նախագահ Վիտալի Իգնատենկոյի հաշվետվությունը՝ Համագործակցության անդամ պետությունների ազգային տեղեկատվական գործակալությունների նյութերի փոխանակման մասին 2003թ. սեպտեմբերի 18-ի համաձայնագրի կատարման վերաբերյալ: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող՝ ԱՊՀ անդամ պետությունների արտաքին առևտրի մաքսային վիճակագրության միասնական մեթոդաբանության, մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում ազգային արտադրողների կողմից թողարկվող մրցունակ արտադրանքը ԱՊՀ ներքին շուկա և երրորդ երկրների շուկաներ արտահանմանը նպաստող միջնաժամկետ միջոցառումների համալիրի, արտադրանքի և ծառայությունների բնագավառում նվաճումների համար ԱՊՀ մրցանակաբաշխության, ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների և դրանց վերադարձման ոլորտներում համագործակցության և ավելի քան մեկ տասնյակ այլ որոշումներ:
Մի շարք որոշումներ վերաբերել են Ռուսաստանի, Բելառուսի առանձին բուհերին, այդ թվում նաև Հայաստանի՝ ինֆորմատիկայի ոլորտւմ կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման պետական ինստիտուտին, ԱՊՀ բազային կազմակերպության կարգավիճակի շնորհմանը:
Որոշումներից մի քանիսը Հայաստանի կողմից ստորագրվել է հատուկ կարծիքի արտահայտմամբ: Մասնավորապես, երիտասարդության հետ տարվող աշխատանքի ոլորտում համագործակցության համաձայնագրի վերաբերյալ վերապահվել է, որ համաձայնագրի իրականացման համար կողմերը կարող են միմյանց միջև ստորագրել երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր: Նշվել է, որ օդային հարձակման ուժերին ու միջոցներին ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի համալիր դիմակայության ապահովման ծրագրի իրականացմանը Հայաստանը կմասնակցի՝ հաշվի առնելով շահագրգռվածությունը և դրա համար բյուջետային միջոցների հատկացումները: ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի մասին փաստաթուղթը հայկական կողմը ստորագրել է հատուկ կարծիքով, ըստ որի 2006թ. Հայաստանի անդամավճարը միասնական բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ կկազմի 7 մլն 351.9 հազար ռուսական ռուբլի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2006թ. հունվարի 1-ից Հայաստանը դադարեցնում է իր մասնակցությունը ԱՊՀ տնտեսական դատարանում, ըստ այդմ դադարեցնելով նաև նշված մարմնի ֆինանսավորումը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր: ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգման ծառայության նախագահ է նշանակվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության պետի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը:
Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2006թ. մայիսի 25-ին, Դուշանբեում:
Հաջորդ տարին հայտարարվել է ԱՊՀ-ի տարի: Համագործակցության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են դրա հետ կապված լայնածավալ միջոցառումների ծրագիրը: Այդ շրջանակներում որոշակի միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանում:
Նիստի ավարտին տեղի է ունեցել ԱՊՀ երկրների վարչապետների համատեղ ասուլիս:
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան: