երկուշաբթի, 28 նոյեմբերի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում պետությունների հատուկ խմբի (GRECO) նախագահ Դրագո Կոսին և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին: Պարոն Կոսը մեր երկրում է գտնվում վաղը Երևանում մեկնարկելիք «Ազգային և միջազգային հակակոռուպցիոն իրավական գործիքներ և լավագույն փորձ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵԱՀԿ տնտեսական ու բնապահպանական հարցերի համակարգողի գրասենյակի կողմից՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի հետ համատեղ:
ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել դեռևս 2003թ. ընդունված ՀՀ-ում հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված եռամյա գործունեության ծրագրի կատարման ընթացքին, որի արդյունքները հիմք են հանդիսացել նշված ոլորտում համագործակցող երկրներին ու միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցության համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ 2004թ. հունվարից հանդիսանալով GRECO-ի անդամ, Հայաստանի Հանրապետությունը, այդ կազմակերպության ընթացակարգերի համաձայն, կատարել է բոլոր անհրաժեշտ պահանջները: Մասնավորապես, ըստ նրա, ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել են Կոռուպցիայի դեմ պայքարի քրեական, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի եվրոպական կոնվենցիաները, ստորագրվել և վավերացման է նախապատրաստվում ՄԱկ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ GRECO-ին անդամակցությունից ի վեր մեր հանրապետությունը ներկայացրել է այդ կազմակերպության գնահատման առաջին և երկրորդ շրջանների հարցաշարերի համալիր պատասխանները, իսկ այս տարվա մայիսին աշխատանքային այցով Հայաստան ժամանած GRECO-ի գնահատման խմբի հետ հանդիպումներին ակտիվորեն մասնակցել են ՀՀ կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները:
GRECO-ի խմբի նախագահ Դրագո Կոսը նախ շնորհավորել է վարչապետին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կապակցությամբ, որի նախնական դրական արդյունքներին տեղեկացել է զանգվածային լրատվամիջոցներից: Բարեփոխված Սահմանադրությունը, ըստ նրա, հնարավորություն կտա, որ Հայաստանը դառնա շատ ավելի ժողովրդավարական, միջազգային չափանիշներին համապատասխանող երկիր: Գոհունակություն հայտնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և նրա օրակարգային խնդիրներից է, Դրագո Կոսն այդ համատեքստում օրինաչափ է համարել, որ GRECO-ին անդամակցելու առաջին իսկ օրվանից Հայաստանն ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային այդ կազմակերպության շրջանակներում: Նա տեղեկացրել է, որ 2006թ. սկզբներին նախատեսվող CRECO-ի լիագումար նիստում գնահատական կտրվի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որին կհետևեն այդ կազմակերպության առաջարկությունները: Ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը հայտնել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը դրանք քննարկելու և հետագա գործունեության ընթացքում նկատի առնելու վերաբերյալ, մանավանդ որ, ըստ նրա, հակակոռուպցիոն պայքարը տևական գործընթաց է և յուրաքանչյուր երկիր՝ հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է մշակի և իրականացնի այդ չարիքի դեմ ուղղված իր ազգային ծրագիրը: Դրագո Կոսը խոսել է նաև GRECO-ի կողմից անդամ երկրների գնահատման երրորդ շրջանի նախապատրաստման մասին, որը վերաբերելու է քաղաքական կոռուպցիայի խնդիրներին: Ըստ նրա, դա միանգամայն նոր գաղափար է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Նա ընդգծել է, որ այդ և կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ այլ խնդիրները, ինչպես նաև դրանց հաղթահարման գործում Հայաստանին ցույց տրվելիք աջակցության ուղիներն ու մեթոդները կքննարկվեն վաղվա միջազգային համաժողովում և հրավիրել է վարչապետին մասնակցելու կարևոր այդ միջոցառմանը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Անդրանիկ Մարգարյանը վստահություն է հայտնել, որ համաժողովը դրական ազդեցություն կունենա նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների արդյունավետության բարձրացման վրա և հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքին: