հինգշաբթի, 1 դեկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 263-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 14 մլն 965 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի մարզպետարանին, այդ թվում 2 մլն-ական դրամ՝ Գեղադիրի և Լուսագյուղի, 10 մլն 965 հազար դրամ՝ Փարպիի դպրոցների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: Որոշումն ընդունվել է պետության 2005թ. կարիքների բավարարման նպատակով ՀՀ 2005թ. պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների դիմաց «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների արդյունքում:
Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, հաստատվել է «Համայնքի բյուջեից այլ համայնքների բյուջեներին, Երևան քաղաքի բյուջեին և պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեին առանձին ծրագրերի կամ ծախսերի ֆինանսավորման նպատակով փոխատվությունների տրամադրման կարգը»: Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ ՀՀ օրենքներում 20.05.2005թ. կատարված փոփոխություններով և լրացումներով:
Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքով (09.11.2004թ.) ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնի իրավասությունների մեջ կատարված փոփոխությունները ՀՀ պետատոմհսկողության կանոնադրության մեջ ամրագրելու անհրաժեշտությամբ: Հիշյալ փոփոխություններով, մասնավորապես, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող մարմնին է վերապահվել շրջակա միջավայրի վրա ճառագայթային անվտանգության մոնիտորինգի և վերահսկման իրավասությունը, փոխվել է կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատման, լրացուցիչ քննություն իրականացնելու կարգը, նրան են վերապահվել միջազգային միջգերատեսչական պայմանագրեր կնքելու իրավասությունը և այլն: Նշված փոփոխությունների կապակցությամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումների մեջ ևս:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում օդային հաղորդակցությունների բնագավառի զարգացումների և մտադրությունների մասին» ՀՀ կառավարության հայտարարության նախագծին: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվում է նրանով, որ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից 2004 թվականից աշխատանքներ են տարվում քաղաքացիական ավիացիայի օդային հաղորդակցության բնագավառի քաղաքականության մշակման ուղղությամբ: Կատարվել են օդային հաղորդակցության հայաստանյան շուկայի վերլուծություն, դրա արդյունքները համադրելով համաշխարհային փորձի հետ: Նշվել է, որ հայտարարության նախագիծը հավանության է արժանացել նաև Համաշխարհային բանկի կողմից, ինչը կարող է հիմք հանդիսանալ վարկային ռեսուրսների տրամադրման համար: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ հրապարակել հայտարարությունը, որպեսզի շահագրգիռ կողմերը երեքամսյա ժամկետում հնարավորություն ունենան տալու իրենց մեկնաբանությունները: Հանձնարարվել է նաև նշված ժամանակահատվածում արված մեկնաբանությունները կամ առաջարկությունները ամփոփել, անհրաժեշտության դեպքում կատարել փոփոխություն հայտարարության տեքստում՝ համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Մեկ այլ որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001թ. դեկտեմբերի 17-ին կնքված պայմանագիրը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի դիմումը, կառավարությունը որոշել է թույլատրել Կառավարչին՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերգետնյա սպասարկման ծառայությունները, այդ թվում՝ օդանավեր քարշակելու ծառայությունը, «Զվարթնոց հենդլինգ» ՓԲԸ-ին ենթակոնցեսիայի տալու համար:
«էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին է ճանաչել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:
Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության, ռադիոակտիվ թափոնների պահեստարանները, գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգերը և լիցենզիայի ձևերը:
Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ՝ նշված համալիրի (ռեկրեացիայի) համապատասխան տարածքներում էկոհամակարգերի վերականգնմանը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության զարգացմանը, բնական պաշարների կառավարման օգտագործմանը նպաստելու նպատակով: Կատարված լրացման համաձայն, կազմակերպության համապատասխան տարածքներում հանգստի կազմակերպման նպատակով հողամասերը (ներառյալ կառուցապատման համար) կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի, իսկ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով:
ՀՀ կառավարության 2005թ. մարտի 11-ի «Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու մասին» N 231 որոշման մեջ կատարված փոփոխությամբ, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի և դպրոցի տնօրինության առաջարկը, Հրազդան քաղաքի N 7 հիմնական դպրոցը վերակազմակերպվել է միջնակարգ դպրոցի:
Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 8-ի «ՀՀ-ում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողհատկացման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշման մեջ՝ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշմամբ նախատեսված, ՀՀ անտառային օրենսգրքի պահանջներից բխող անտառային հողերի կատեգորիայի փոփոխման կարգի մշակման և ընդունման պահանջների կատարման նպատակով:
Կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» ազգային պարկի 1908.0մ բացարձակ նիշից ցածր տարածքներում հողամասերը վարձակալությամբ տրամադրելու առանձնահատկությունների և ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 12-ի N 927-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ, որով նախատեսվում է Սևանա լճի ափամերձ տարածքում կառուցված և կառուցվող օբյեկտներից առաջացող կեղտաջրերի մաքրումը կատարել դրանց համար կառուցվող տեղական մաքրման կայաններում:
Նիստում գործադիրը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կապի միջոցների տեսակները, քանակը և կապի ծառայությունների ու կոմունալ ծախսերի տարեկան ծավալները: Այլ որոշումներով, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N112-Ն, 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողի վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 174-Ն, ինչպես նաև 2002թ. հոկտեմբերի 31-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները սահմանելու մասին» N 1753-Ն որոշումների մեջ՝ դրանք «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:
Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին՝ դրանք առավել հստակեցնելու և կատարելագործելու նպատակով: Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:
Առանձին որոշումներով հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 113 հազար 270 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 6-ին կայացած Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի գյուղական համայնքի ավագանու անդամների ընտրությունների վերաքվեարկության, 213 հազար 135 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայացած Գեղարքունիքի մարզի Սոթքի և Սեմյոնովկայի գյուղական համայնքների ավագանու նոր ընտրությունների, 107 հազար 955 դրամ՝ 2005թ. հոկտեմբերի 30-ին կայացած Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղական համայնքի ղեկավարի վերաքվեարկության, ևս 107 հազար 605 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայացած Շիրակի մարզի Այգաբացի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով:
Նիստում որոշումներ են ընդունվել նաև Արմավիրի մարզի Քարակերտի, Գեղարքունիքի մարզի Շատվանի, Կարմիրգյուղի, Արագածոտնի մարզի Սարալանջի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ: