Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 դեկտեմբերի 2005

 



Դեկտեմբերի 5-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում սկսվել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնական չորսօրյա այցը:



Կահիրեի օդանավակայանում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին և նրա գլխավորած պատվիրակությանը դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆը, որից հետո կայացել է երկու երկրների վարչապետների հանդիպումը: Նրանց առանձնազրույցին հետևել է կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը և Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական բացումը՝ երկու երկրների վարչապետների կողմից:



Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆը նախ իր երկրի նախագահի ողջույններն է փոխանցել ՀՀ կառավարության ղեկավարին ու նրա գլխավորած պատվիրակությանը և հաջողություն է մաղթել միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին: Իր խոսքում նա ընդգծել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ են եղել՝ պայմանավորված ոչ միայն քաղաքական բարձր մակարդակի երկկողմ փոխգործակցությամբ, այլև Միջին Արևելքին ու Հարավային Կովկասին առնչվող հարցերում մոտեցումների ընդհանրությամբ և միջազգային ասպարեզում միմյանց սատարելու պատրաստակամությամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանը մշտապես իր համերաշխությունն է հայտնել համաարաբական դիրքորոշումներին, քվեարկել ՄԱԿ-ի տարբեր մարմիններում Եգիպտոսի կողմից առաջադրված թեկնածուների ընտրության օգտին: ՄԱԿ-ի բարեփոխումների առումով ևս Հայաստանը պատրաստակամ է աջակցել Անվտանգության խորհրդին մշտական անդամակցելու Եգիպտոսի ցանկությանը: Վարչապետ Ահմադ Նազիֆը հույս է հայտնել, որ Եգիպտոսին կհաջողվի ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերություններն այնպես զարգացնել, որ տարածաշրջանում առկա վիճելի հարցերը լուծում ստանան:



Անդրադառնալով պատմական ակունքներին՝ վարչապետը երկու ժողովուրդների միջև, իր բնորոշմամբ, դեռևս փարավոնների ժամանակներից գոյություն ունեցող դարավոր բարեկամական հարաբերությունների ներկայիս զարգացումը կապել է նաև Եգիպտոսի հայ համայնքի գործուն ջանքերի հետ՝ դրվատանքի խոսքեր ուղղելով Եգիպտոսի քաղաքացի մեր հայրենակիցների հասցեին:



Ահմադ Նազիֆը պատահական չի համարել, որ Հայաստանի անկախացումից կարճ ժամանակ անց Եգիպտոսը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հայաստանի հետ և դեսպանատուն բացել: Այնուհետև համագործակցությունը զարգացել է ԱՊՀ երկրների հետ փոխգործակցության հիմնադրամի շրջանակներում: Հայաստանի և Եգիպտոսի միջև գոյություն ունեցող քաղաքական բարձր մակարդակին Եգիպտոսի վարչապետը հակադրել է տնտեսական դեռևս անբավարար համագործակցությունը և առևտրատնտեսական հարաբերությունների ցածր մակարդակը. «Փոխադարձ ներդրումներ գրեթե չկան: Դրանք պետք է հնարավորինս խրախուսել՝ մեծ դեր վերապահելով հատկապես մասնավոր հատվածին», - նշել է վարչապետ Ահմադ Նազիֆը՝ հավելելով, որ կառավարությունները մինչ այժմ աշխատել են և շարունակում են երկկողմ կապերի ամրապնդման համար հիմքեր ապահովել, այս ընթացքում ամենատարբեր բնագավառներում ստորագրվել են համագործակցության բազմաթիվ փաստաթղթեր: Համագործակցության հեռանկարային բնագավառներից Եգիպտոսի վարչապետը նշել է գյուղատնտեսությունը, առողջապահությունը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները՝ շեշտելով, որ վերջինս հայտարարվել է նաև Եգիպտոսի տնտեսության առաջնահերթություններից մեկը:



Երկու երկրների միմյանց մասին քիչ տեղեկացվածությունը, նաև տրանսպորտային խնդիրները, վարչապետ Ահմադ Նազիֆի կարծիքով, որոշակի դժվարություններ են ստեղծում երկկողմ կապերի ամրապնդման գործում, սակայն, ըստ նրա, այդ ամենը հաղթահարելի է: Նա կարևորել է նաև այցի շրջանակներում Կահիրեում անցկացվող ևս մեկ միջոցառում՝ Հայ-եգիպտական գործարար համաժողովը, որը, նրա համոզմամբ, նոր խթան կհանդիսանա գործարար ակտիվ շփումների, համատեղ ծրագրերի իրագործման համար: Ըստ Եգիպտոսի վարչապետի, համատեղ ծրագրերը կօգնեն Հայաստանին 70-միլիոնանոց սպառման շուկա գտնել՝ ի շնորհիվ արաբական աշխարհի հետ Եգիպտոսի ունեցած տարբեր պայմանագրերի և սերտ գործակցության: Նա հույս է հայտնել, որ ակտիվ գործունեության պարագայում հնարավոր կլինի նաև համատեղ արտադրանքն առաքել 3-րդ երկրների շուկաներ:



Վարչապետ Ահմադ Նազիֆը գոհունակությամբ է խոսել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության փաստի մասին, դա պայմանավորելով մեր երկրի տնտեսության արդյունավետ բարեփոխումներով: Մեկ այլ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի հաջող անցկացման կապակցությամբ շնորհավորելով ՀՀ վարչապետին և նրա գլխավորած պատվիրակությանը, Եգիպտոսի վարչապետն ընդգծել է, թե ուրախ է, որ այդպիսով Հայաստանը կկարողանա ավելի առաջընթաց ունենալ և զարգանալ: Նա խոսել է նաև իր երկրում տեղի ունեցող բարեփոխումների, այդ թվում՝ բազմակուսակցական, բազմաթեկնածու ընտրությունների մասին:



Շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը պաշտոնական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Եգիպտոսի դերը տարածաշրջանում կայունության հաստատման ու ամրապնդման գործում, ընդգծելով, որ իր հստակ և հավասարակշռված դիրքորոշման շնորհիվ երկիրը կարողանում է դրական ազդեցություն ունենալ՝ պաշտպանելով և իր, և միաժամանակ տարածաշրջանի շահերը: Հայաստանի վարչապետը ևս պատահական չի համարել Աֆրիկայում մեր երկրի առաջին դեսպանատունը ԵԱՀ-ում բացելը: Նա շեշտել է, որ Հայաստանի քաղաքականությունն անկախացումից ի վեր շարունակաբար եղել է արաբամետ: Վարչապետը նշել է, թե հայ ժողովրդի առնչությունները Եգիպտոսի հետ գալիս են դարերի խորքից: Դրանք լի են անկեղծ բարեկամության և փոխադարձ աջակցության բազում արտահայտություններով: Եգիպտոսոմ հայ համայնքի ներկայությունը հազարամյակների պատմություն ունի: Այն հայկական ամենաավանդական համայնքներից մեկն է համարվում աշխարհում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ե՛ւ Եգիպտոսին, ե՛ւ արաբական այն բոլոր երկրներին, որոնք ջերմորեն ընդունել ու ապաստան են տվել 1915թ. ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցներին, և այժմ նրանք իրենց շոշափելի ներդրումն են ունենում այդ երկրների զարգացման ու բարգավաճման գործում: Անդրանիկ Մարգարյանը համոզվածություն է հայտնել, որ պաշտոնական առաջին այս այցելությունը բարեկամ Եգիպտոս նոր խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ու հարաբերությունների զարգացման համար:



Հայաստանի և Եգիպտոսի միջև ներկայիս քաղաքական հարաբերությունները, ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, կարելի է «արտակարգ սերտ» որակել: Նա համաձայնել է իր գործընկերոջ տեսակետին, որ Հայաստանն ու Եգիպտոսը ակտիվ համագործակցություն են ծավալում նաև միջազգային կազմակերպություններում: Այդ ուղղությամբ փոխգործակցությունը, նրա բնորոշմամբ, կարելի է օրինակելի համարել, քանի որ Հայաստանը մշտապես աջակցում է ԵԱՀ-ին, իսկ վերջինս էլ Հայաստանի Հանրապետությանը:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նույնպես ընդգծել է Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի, ինչպես նաև Հայ-եգիպտական գործարար համաժողովի գործունեության կարևորությունը՝ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Նշելով, որ հայկական ու եգիպտական կողմերը պարբերաբար հանդիպում են՝ քննարկելու երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրան հասնելու կոնկրետ ուղիները, նա կարևոր է համարել նաև, որ առաջին անգամ միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստն իրականացվում է Հայաստանի և Եգիպտոսի վարչապետների ներկայությամբ: Ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանի տնտեսական առաջընթացի պատկերն ու զարգացման հեռանկարները, Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է արտահայտել, որ եկել է բարի ցանկություններից գործնական քայլերի անցնելու ժամանակը, վստահություն հայտնելով, որ դրա վառ ապացույցներից մեկը կարող է դառնալ համատեղ ձեռնարկության ստեղծումը ինսուլինի արտադրության բնագավառում: Նա նշել է, որ այսօր առկա են բոլոր պայմանները երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու համար և այդ նպատակով բարձրացվել է միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի ներկայացուցչական մակարդակը ևս, որը ներկայումս գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման նախարարը: Վարչապետը կարևորել է, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի վերամշակման, էլեկտրատեխնիկական և այլ բնագավառներում համագործակցության խթանումը, ուշադրությունից բաց չթողնելով նաև գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության հարցերն ու հեռանկարները:



Հույս հայտնելով, որ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստերի բացումը վարչապետների կողմից բարի ավանդույթ կդառնա և հաջորդ տարի հայկական կողմը Հայաստանում հնարավորություն կունենա ողջունելու և հյուրընկալելու Եգիպտոսի վարչապետին, Անդրանիկ Մարգարյանը նաև վստահություն է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար, կնախանշի այն հիմնական ուղղությունները, որոնցում հնարավոր է գործնական արդյունքներ արձանագրել և հանձնաժողովի հաջորդ՝ հինգերորդ նիստն արդեն կսկսվի այս նիստի արդյունքները ներկայացնելով:



Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Անդրանիկ Մարգարյանն իր գործընկերոջ հետ մասնակցել է Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական փակմանը: Այդ ընթացքում ԵԱՀ առևտրաարդյունաբերական պալատում աշխատանքն է սկսել Հայ-եգիպտական գործարար համաժողովը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր այցելել է նաև Կահիրեի համալսարան և համալսարանի նախագահի հետ հանդես եկել համատեղ հայտարարությամբ՝ Կահիրեի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հայագիտական ուսումնասիրությունների բաժանմունք հիմնելու մասին:



Վարչապետն այսօր հարցազրույց է տվել նաև Եգիպտոսի առաջատար «Ալ-Ահրամ» և «Ալ-Գումհուրիյա» օրաթերթերին: Օրվա վերջին Անդրանիկ Մարգարյանն այցելել է Եգիպտոսում ՀՀ դեսպանատուն:



Վաղը նախատեսվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Վարչապետը կայցելի նաև Կահիրեի Հայոց Առաջնորդարան, կմեկնի պատմական Լուքսորի նահանգ:







Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ