Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 դեկտեմբերի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2006թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և հանրապետական գործադիր մարմինների 2006թ. գերակա խնդիրները՝ ՀՀ նախագահի 2002թ. մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված ՀՀ կառավարության գործունեության կարգի պահանջներին համապատասխան:


Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 10-օրյա, ժամկետում կառավարություն ներկայացնել տեղեկանք՝ տվյալ եռամսյակում որոշման մեջ ներառված միջոցառումների իրականացման ընթացքի, իսկ ընթացիկ տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության 2006թ. գործունեության ծրագրի կատարման մասին: Հանձնարարվել է նաև հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, 10-օրյա ժամկետում, կառավարություն ներկայացնել տեղեկանք՝ տվյալ եռամսյակում որոշման մեջ ներառված գերակա խնդիրների լուծման միջոցառումների իրականացման ընթացքի մասին: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված առաջարկությունները որոշման նախագծում ներառելու համար:


«Թափոնների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաստատման կարգը: Հանձնարարվել է ՀՀ բնապահպանության նախարարին՝ որոշման պաշտոնական հրապարակումից հետո եռամսյա ժամկետում հաստատել թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերի հաշվարկի օրինակելի ձևը:


«Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է բնապահպանական պետական տեսուչին հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի «ՀՀ բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 369-Ն որոշման մեջ:



Նիստում կառավարությունը համաձայնել է Երևանի վարչական տարածքում տեղաբաշխված պետական սեփականություն հանդիսացող գույքի մասնավորեցումից՝ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, տրամադրել Երևանի քաղաքապետարանին՝ Դավիթաշեն թաղային համայնքի Տ. Պետրոսյանի և «Սասնա ծռեր» փողոցների հատման վայրում շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի կիսանդրին տեղադրելու աշխատանքներին աջակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար:


Գործադիրը հավանություն է տվել 2005թ. դեկտեմբերի 13-18-ը Հոնգկոնգում կայանալիք Առևտրի համաշխարհային կազմակերպության 6-րդ նախարարական վեհաժողովում ներկայացվող ՀՀ կառավարության դիրքորոշման հիմնադրույթներին և լիազորել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին՝ վեհաժողովում ներկայացնելու ՀՀ կառավարության դիրքորոշումը:


«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները: Սահմանվել է, որ դրանք տարածվում են ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա: ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները մշակվել են միջազգային ստանդարտների հիման վրա: Նշվել է, որ որոշման ընդունումը կնպաստի ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանը, դրա արդյունքում՝ նաև ֆինանսական հաշվետվությունների որակի բարելավմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 483 հազար դրամ է հատկացրել Լոռու մարզպետարանին՝ Կուրթան գյուղի դպրոցի շենքի գազաֆիկացման աշխատանքների իրականացման համար:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, ելնելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներից, գործադիրը քրեակատարողական ծառայողի բազային պաշտոնային դրույքաչափը 2006թ. համար սահմանել է 8000 դրամ:


Այլ որոշումներով, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» և «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Որոշումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 1996 թվականից հետո ՀՀ օրենսդրությունում կատարված որոշակի փոփոխություններով և նպատակ ունի հստակեցնել ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի ներքին, պահակային և կայազորային ծառայությունների կազմակերպման ու անցկացման գործընթացում ծագող մի շարք հարաբերություններ:


Նիստում, «Ապահովագրության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է ապահովագրական ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվների չափը, դրանց ձևավորման և հաշվարկման կարգը, նշված նորմատիվների վերաբերյալ հաշվետվության ձևը, դրա լրացման, ներկայացման կարգն ու ժամկետները: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 10-ի «Ապահովագրողների ակտիվների և պարտավորությունների հարաբերակցության նորմատիվային չափի հաշվարկման կարգի մասին» N174 և 2004թ. սեպտեմբերի 30-ի «Ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանելու մասին» N 1345-Ն որոշումները: Մեկ այլ որոշմամբ, սահմանվել են նաև ապահովագրական պահուստների տեսակները և ձևավորման կարգը, չվաստակած ապահովագրավճարների պահուստի, կյանքի ապահովագրության պահուստի հաշվարկման ձևերը, տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի հաշվարկման ձևը՝ երկու և ավելի տարի գործունեություն ծավալած ապահովագրողի համար, ինչպես նաև լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական պահուստների չափի մասին հաշվետվության ձևը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1996թ. նոյեմբերի 29-ի «ՀՀ տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» N368 որոշմամբ հաստատված «ապահովագրական պահուստների ձևավորման և տեղաբաշխման կարգը»:


Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի «ՀՀ Լոռու մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1805-Ա որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ Լոռու մարզի Ձորագետի գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների փոխարեն անհատույց օտարման գործարքների նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման համար վճարման ենթակա պետական տուրքերը և այլ վճարները կատարելու նպատակով Լոռու մարզպետարանին ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված 770 հազար դրամի օգտագործման արդյունքում առաջացած տնտեսումների գումարից հնարավորություն է ստեղծվել պետական օժանդակություն տրամադրել Ձորագյուղ համայնքի՝ աղքատության ընտանեկան նպաստներ ստացողների համակարգում ընդգրկված ևս հինգ ընտանիքների:


Հաշվի առնելով արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի մարման բնագավառում առկա վիճակը, ինչպես նաև «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով կառավարությանը տրված իրավասությունը, գործադիրը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի (պակասուրդի) գումարներն ավելացնել 428 մլն-ական դրամով՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2002թ. հուլիսի 17-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում առաջացած ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի տարեկան գումարը ևս ավելացնել 428 մլն դրամով, այն վերաբաշխման եղանակով ուղղելով ՀՀ 2005թ. պետական բյուջեի «Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճարներ)» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների ավելացմանը: Որոշմամբ, նշված փոփոխություններից բխող համապատասխան փոփոխություններ կկատարվեն նաև ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ցուցանիշների կատարման եռամսյակային համամասնություններi մեջ:


«Սերմերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում սերմնադաշտերի դաշտային հետազոտություններ կատարողի (ապրոբատորի) հավատարմագրման կարգը և հետազոտությունների մասին հայտի ձևը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ եռամսյա ժամկետում հաստատել մշակաբույսերի տեսակների սերմնադաշտերի դաշտային հետազոտությունների հրահանգները, ապրոբատորների հավատարմագրման հանձնաժողովի կազմը և աշխատակարգը:


Գործադիրը որոշել է բարեգործական որակել ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004թ. հունիսի 14-ին ստորագրված Գյուղատնտեսության բարեփոխումների աջակցության ծրագրի IDA 3035 AM և IDA 3035-1AM զարգացման վարկային համաձայնագրի հաշվին իրականացվելիք՝ 2002-2003թթ. ձմռան ցրտահարության հետևանքների հաղթահարման միջոցառումների ծրագրի մասնակի իրականացման համար ձեռք բերված արմատակալների և պտղատու ծառերի տնկիների գյուղատնտեսական տնտեսություններին հատկացմանը տրամադրված 407 մլն 706 հազար 600 դրամ արժողությամբ ծրագիրը: Մեկ այլ որոշմամբ բարեգործություն է որակվել նաև Ծաղկաձորի ճոպանուղու 3-րդ կայարանի շինարարության համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հասցեով ուղարկված 1 մլրդ 6 մլն 725 հազար 660 դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորումների ներմուծումը: Կառավարությունը որոշել է նաև ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 47 մլն դրամ հատկացնել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին՝ Ծաղկաձորի ճոպանուղու բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ձյուն ծեծող մեքենա ձեռք բերելու համար:


«Պետական ոչ առետրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ստեղծել «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Սահմանվել է, որ այդ կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 9 մլն դրամ արժողությամբ գույք՝ բացառությամբ պետական սեփականություն հանդիսացող հողերի, շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 23-ի «Ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանելու մասին» N 176-Ն որոշման մեջ՝ այն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:


Նիստում կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին, 441 հազար 290 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2005թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք Արմավիրի մարզի Լուկաշինի, Հուշակերտի և Ջանֆիդայի գյուղական համայնքների ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքների (գների) 2005թ. չափերը սահմանելու մասին» N 879-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածում, որով սահմանվել է այն տնտեսվարող սուբյեկտների ցանկը, որոնք ցանկություն են հայտնել իրենց կողմից վարձակալված արտադրական հողամասերը գնել սահմանված կադաստրային գներով: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ հաշվի առնելով նմանատիպ ցանկություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների նոր դիմումների առկայությունը, անհրաժեշտություն է առաջացել նշված հավելվածը լրացնել նոր տնտեսվարող սուբյեկտների ցանկով:


Նիստում մի շարք որոշումներ են ընդունվել Վայոց Ձորի մարզի Արինի, Հերհերի և Կարմրաշենի գյուղական համայնքների համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիաները փոխելու վերաբերյալ: Որոշում է ընդունվել նաև Սյունիքի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին:


 


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ