չորեքշաբթի, 14 դեկտեմբերի 2005
Այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող (ՏՏԶԱ) խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, Թունիսում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի արդյունքները, 2006թ. Հայաստանում անցկացվելիք էլէկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովի և տարածաշրջանային մակարդակում հաղթողների համար մրցանակաբաշխության գալա միջոցառման կազմակերպման և այլ հարցեր:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՏՏԶԱ խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և մյուս պատասխանատուները զեկուցել են, որ խորհրդի նախորդ նիստի բոլոր հանձնարարականներն ամբողջապես և ժամանակին կատարվել են: Մասնավորապես, ապահովվել է 2005թ. նոյեմբերի 16-18-ը Թունիսում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի երկրորդ փուլին Հայաստանի Հանրապետության մասնակցության համար ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՏՏԶԱ խորհրդի կողմից իրականացվող գործողությունների փոխհամաձայնեցված իրականացումը, խմբագրվել և խորհրդի անդամներին է ներկայացվել ՏՏԶԱ խորհրդի 2005թ. գործունեության ծրագիրը, «ԻՍՄԱ» ՍՊԸ-ի կողմից մշակված հայերեն-անգլերեն թարգմանչական ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով, ուսումնասիրվել է ՀՀ-ում իրականացվող ծրագրային փաթեթներից հնարավոր միջոցներ ներգրավելու հարցը և համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ուսումնասիրվել է նաև նշված թարգմանչական ծրագրի ներդրման, կատարելագործման և շահագործման աշխատանքները մասնագետներով ապահովելու նպատակով առանձին մասնագիտությամբ մասնագիտական ուսուցում նախատեսելու հարցը և համապատասխան առաջարկություն է ներկայացվել ՀՀ վարչապետին: Կատարված աշխատանքի հետ կապված, գոհունակություն է հայտնվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը՝ Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված էլեկտրոնային բովանդակության համահայկական «Մաշտոց 1600» մրցույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Զեկուցումներում անդրադարձ է եղել նաև խորհրդի աշխատանքային խմբերի վերանայման հարցին, որի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է՝ մինչև դեկտեմբերի 25-ը խորհրդի քարտուղարություն առաջարկություններ ներկայացնել այդ փոփոխությունների վերաբերյալ՝ աշխատանքային խմբերի շրջանակի ընդլայնման և, հատկապես Թունիսյան գագաթաժողովից հետո ստեղծված պայմաններում, ՏՏ ոլորտում միջազգային ինտեգրման գործընթացներում աշխատանքների ակտիվացման նպատակով:
Այնուհետև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը և «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ, ՏՏԶԱ խորհրդի դոնոր և միջազգային կազմակերպությունների համակարգման աշխատանքային խմբի ղեկավար Գարեգին Չուգասզյանը հանդես են եկել 2005թ. նոյեմբերի 16-18-ը Թունիսում կայացած Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցության արդյունքների ամփոփիչ տեղեկատվությամբ: Թե՛ զեկուցողները, թե՛ գագաթաժողովին մասնակցած հայկական պատվիրակության մյուս անդամները բարձր են գնահատել մեր երկրի մասնակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական ու ներկայցուցչական մակարդակներով: Մասնավորապես, գագաթաժողովի կազմակերպիչների առաջարկով ՀՀ վարչապետը վարել է գագաթաժողովի լիագումար նիստերից մեկը, պատվավոր նախագահության կազմում եղել է հաղթողներին մրցանակներ հանձնող 8 երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների թվում, Արամ Խաչատրյանին և Հայոց ցեղասպանությանը նվիրված հայկական սկավառակներն արժանացել են գլխավոր մրցանակների, հաջողությամբ գործել է Հայաստանի տաղավարը, գործնական կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել ոլորտում միջազգային մեծ հեղինակություն վայելող «ԱլկաՏել», «ԻնՏել», «Սան» ընկերությունների ղեկավարության հետ, որոնց արդյունքում վերջիններս որոշակի հետաքրքրություն են դրսևորել ՏՏ ոլորտում Հայաստանի ձեռքբերումների և մեր երկրի հետ համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ, համագործակցության համաձայնագիր է ստորագրվել «ԱլկաՏել» ընկերության հետ: Արա Հակոբյանը հատկապես կարևորել է Թունիսյան գագաթաժողովում համաձայնագրի ստորագրումը ICNM-ի (որպես Համաշխարհային գագաթաժողովի մրցանակաբաշխության (ՀԳՄ) կազմակերպության ներկայացուցիչ Սալզբուրգում (Ավստրիա), ՀՀ կառավարությունը ներկայացնող Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի և ՀՀ-ում ոչ պետական կառավարման կազմակերպություն հանդիսացող «Ինտերնետային տեխնոլոգիաների հիմնադրամի» միջև՝ տեղեկատվական և գիտական հասարակության զարգացման նպատակով, էլեկտրոնային բովանդակության և դրա հետ առնչվող խնդիրների խթանմանն աջակցելու վերաբերյալ: Ըստ զեկուցողների, այդ համաձայնագրով նախատեսվում է, որ «Ինտերնետային տեխնոլոգիաների հիմնադրամը» հանդիսանալու է Եվրասիայում գործող տարածաշրջանային կենտրոն, ինչպես նաև 2006թ.-ին պետք է կազմակերպի էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովն ու տարածաշրջանային հաղթողների համար Գալա միջոցառումը: Ըստ համաձայնագրի, Համաշխարհային գագաթաժողովը կհյուրընկալի Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը: Թունիսյան գագաթաժողովում հայկական պատվիրակության մասնակցությունը բարձր են գնահատել նաև խորհրդի անդամ ընկերությունների ղեկավարները:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատվիրակության բոլոր անդամներին և ընկերությունների ներկացուցիչներին՝ Թունիսյան գագաթաժողովում մեր երկիրը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար, ընդգծելով,որ դա նաև պարտավորեցնում է այդ ուղղությամբ հետագա քայլերն ավելի մեծ պատասխանատվությամբ իրականացնելու:
Նիստում Գարեգին Չուգասզյանը հանդես է եկել նաև 2006թ.-ին Հայաստանում անցկացվելիք էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովի և տարածաշրջանային հաղթողների համար Գալա միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությամբ:
Հաղորդման կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է խորհրդի քարտուղարին՝ մինչև 2006թ. սեպտեմբերին կայանալիք հիմնական միջոցառումը, հունվարի վերջին նեկայացնել առաջարկություններ տարվա ընթացքում ՏՏ ոլորտի միջոցառումների, այդ թվում՝ ազգային մրցանակաբաշխության անցկացման պայմանների վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է, որ այդ բոլոր միջոցառումները պետք է իբրև պատեհ առիթ օգտագործել համաշխարհային հանրությանը Հայաստանն ու հայ ժողովրդի պատմամշակութային արժեքները, դարավոր պատմությունը և զարգացման հեռանկարները պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնելու համար: