Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 դեկտեմբերի 2005



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքային զարգացման պլաններին: Նշվել է, որ երկու մարզերի համար տարածքային զարգացման պլանները մշակվել են այն սկզբունքով, որ դրանք համահունչ լինեն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի խնդիրներին ու նպատակներին, ապահովեն մարզերի կայուն զարգացումը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթությունների իրականացմանը: Այդ փաստաթղթերը միասնական և համակարգված մոտեցում են ցուցաբերում մարզերի տնտեսական ցուցանիշների բարելավման, ձեռնարկությունների մրցունակության և արտադրողականության բարձրացման նկատմամբ, ինչը հիմքեր կստեղծի տնտեսական աճի համար: Տարածքային զարգացման պլանները միջոցառումներ են նախատեսում նաև երկու մարզերի սոցիալական, բնապահպանական խնդիրների լուծման համար, որոնք կարող են նպաստել մարզերի տնտեսական զարգացմանը՝ հաշվի առնելով տարածքային առանձնահատկությունները: Որոշման նախագծերի ներկայացման ժամանակ նշվել է, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, Եվրոպական հանձնաժողովի կողմից նախատեսվում է տրամադրել շուրջ 1.6 մլն եվրոյին համարժեք դրամաշնորհ, որը կնպատակաուղղվի ծրագրով հաստատված գերակայությունների ուղղությամբ միջոցառումների իրականացմանը: Այդ նպատակով համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Արարատի և Վայոց Ձորի մարզպետներին: Որոշման կատարման հսկողությունը դրվել է ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի վրա:



«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2006-2007 ուսումնական տարվանից ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսել ուսման կազմակերպման կրեդիտային համակարգի ներդրման գործընթացը: Սահմանվել է, որ ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը հավասար է 60 ակադեմիական կրեդիտի: Նշվել է, որ կրեդիտը ներառում է մասնակցությունը դասախոսություններին, լաբորատոր և գործնական պարապմունքներին, քննությունների և ստուգարքների հանձնումը, անհատական պարապմունքների ցուցանիշը, ռեֆերատների, կուրսային, դիպլոմային և ուսումնական պլանով նախատեսված այլ աշխատանքների կատարման աստիճանի, որակի գնահատումը: Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանվել է առնվազն 240 (բժշկական մասնագիտությունների համար՝ առնվազն 300), իսկ մագիստրոսի աստիճան ստանալու համար՝ 60-120 (բժշկական մասնագիտությունների համար՝ մինչև 180) կրեդիտ: Որոշմամբ հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ 2005-2006 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կրեդիտային համակարգը կրթափորձի կարգով մասնակիորեն կիրարկել Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ կրթափորձի արդյունքներն ամփոփելով 2005-2006 ուսումնական տարվա ավարտին: Հանձնարարվել է նաև մշակել ու հաստատել ՀՀ բուհերում կրեդիտային համակարգով ուսման գործընթացի կազմակերպման օրինակելի կարգ, կրթափորձի արդյունքներով, ըստ բուհերի, կրթական ծրագրերի և մասնագիտությունների, կազմել ժամանակացույց՝ ՀՀ բուհերի կրեդիտային համակարգին փուլային անցման համար, ինչպես նաև կրեդիտային համակարգի կիրարկման համար կազմակերպել բուհերի ուսումնական վարչակազմի և դասախոսների վերապատրաստում: Մեկ այլ որոշմամբ, «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել է նաև ուսումնական հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդման իրականացման կարգը:



ՀՀ կառավարությունը որոշել է, Խանտի Մանսիյսկում կայացած 2005թ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքներով 1-ին տեղը գրաված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին դրամական մրցանակ հատկացնելու նպատակով 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին հատկացնել 5 մլն դրամ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիային տրամադրելու համար:



Նիստում գործադիրը հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլանը)»: Որոշումն ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան: Հաստատվել են նաև որոշման իրականացմանն ուղղված ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների քարտեզը, կապի և ազդարարման կազմակերպման, բնակչության տարհանման միջոցառումների կառավարման սխեմաները, ընդհանուր վթարի դեպքում շտապ պաշտպանական միջոցառումների իրականացման որոշումների ընդունման չափանիշները և ավելի քան մեկ տասնյակ այլ փաստաթղթեր: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարին՝ անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարություն ներկայացնել որոշման համապատասխան հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը բարեգործական է որակել Մեծ Բրիտանիայի առևտրի և արդյունաբերության նախարարության կողմից հատկացված միջոցների հաշվին՝ արտակարգ իրավիճակներում ՀՀ պետական մարմինների հետ կայուն կապ ապահովելու նպատակով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հասցեով ստացված՝ 175 հազար 179 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ սարքավորումների ներմուծումը:



«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելով, կառավարությունը թույլատրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ «ՀՀ 2005թ. պետական բուջեի մասին» օրենքի «Ընտանիքներին, կանանց և երեխաներին մատուցվող ծառայությունների ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 2005թ. շահառուների կարիքների համար բնակարանների ձեռքբերումն իրականացնել գործակալական պայմանագիր կնքելու միջոցով, բնակարանների ձեռքբերման վերջնաժամկետ սահմանելով 2006թ. դեկտեմբերի 20-ը:



Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 1999թ. մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ: Լրացմամբ սահմանվել է, որ ջրաչափական սարքեր չունեցող կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերից օգտվող բնակիչ- բաժանորդները 2006թ. հունվարի 1-ից հետո, մինչև 2006թ. օգոստոսի 1-ը ջրամատակարար կազմակերպության հետ ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման պայմանագիր կնքելու դեպքում (որի գործողության ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին) տվյալ ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև ջրաչափական սարքի (սարքերի) տեղադրումը բնակիչ-բաժանորդների օգտագործման ջրաքանակը մեկ անձին օրական հաշվարկվում է 200 լիտր (Երևան քաղաքում՝ 250 լիտր): Որոշմամբ սահմանվել է նաև ջրամատակարար կազմակերպության միջոցով ջրաչափական սարքի (սարքերի) ձեռքբերման և (կամ) տեղադրման պայմանագիր կնքելու դեպքում վերջիններիս արժեքը բնակիչ-բաժանորդների կողմից մարման կարգը:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանել ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն: Այդ կապակցությամբ, համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև կառավարության մի շարք այլ որոշումներում:



Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված՝ 2005թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմված ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը): Փաստաթղթում, որպես ելակետային տվյալներ, հիմք են ընդունվել հանրապետության 679 համայնքների կադաստրային քարտեզագրման արդյունքներով կազմված և հետքարտեզագրման ժամանակահատվածում ճշգրտված հողային ֆոնդի տվյալները: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ ավարտել հանրապետության մնացած 238 համայնքների և Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի սկզբնական հաշվառման աշխատանքները, 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել ՀՀ հողային հաշվեկշիռը և այն սահմանված կարգով ներկայացնել կառավարության հաստատմանը:



Այլ որոշումներով, «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում», ինչպես նաև սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգերը: Որոշումներն ընդունվել են հաշվի առնելով նաև նշված ծառայությունների մատուցման գործընթացներում մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը:



«Սերմերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, ՀՀ-ում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը:



Նիստում գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշումն ընդունվել է զինվորական հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստության ոլորտում զանցանքների համար պատասխանատվության միջոցների վերանայման և դրանք ժամանակակից իրողություններին համապատասխանեցնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 22-ի N 641, 2003թ. մայիսի 29-ի N 750-Ն և 2003թ. փետրվարի 13-ի N 192-Ն որոշումների մեջ՝ գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների և փոխադրամիջոցների պետական գրանցումն (հաշվառումն) իրականացնող լիազոր մարմինների կողմից գույքահարկ վճարողներին հաշվառող մարմիններ տեղեկությունների ներկայացումը, ինչպես նաև գույքահարկ վճարողներին հաշվառող տեղական ինքնակառավարման և հարկային մարմինների միջև գույքահարկի պարտավորությունների հաշվարկման համար տեղեկությունների փոխանակումը կանոնակարգելու նպատակով:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է հիմնադրել ՀՀ ոստիկանությունից ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալի պաշտոնը (ՀՀ ոստիկանության գլխավոր վարչության պետի իրավասությամբ)՝ այն նախատեսելով ՀՀ ոստիկանության պաշտոնների ցանկում: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում ՀՀ լիազոր ներկայացուցիչ նշանակելու մասին» N 859 որոշումը:



«Լիցենզավորման մասին» և «Ինեկասացիայի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը հաստատել է ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Հաստատվել է նաև ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների մասնագիտական որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման կարգը:



«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշումներ է ընդունել, մասնավորապես, «Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրաֆիկացման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի՝ հաշվեկշռային մեթոդով 89 մլն 348 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով իր աշխատավորական կոլեկտիվին մասնավորեցման, «Աղանձուտ» պետական ՓԲԸ-ի հաշվեկշռային մեթոդով 14 մլն 102 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու մասին, այն վերակազմակերպելով ՍՊԸ-ի: Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան, հաշվի առնելով նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը, գործադիրը որոշել է լուծարել «Կենտրոնական արտադրական լաբորատորիա» պետական ՓԲԸ-ն:



Այլ որոշումներով կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 648 հազար դրամ՝ 2005թ. դեկտեմբերի 18-ին կայանալիք Արարատի մարզի Ուրցալանջ, Դաշտաքար, Լուսաշող, Դալար և Զանգակատուն գյուղական համայնքների, 336 հազար 475 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայացած Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ գյուղական համայնքի , 106 հազար 529 դրամ՝ 2005թ. դեկտեմբերի 11-ին կայացած Արագածոտնի մարզի Ակունք, Բառոժ, Արեգ, Թլիկ, Կարմրաշեն, Հակկո, Ոսկեթաս, Ցամաքասար, Արագածոտն ու Վերին Սասունիկ գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների, 105 հազար 70 դրամ՝ 2005թ. նոյեմբերի 20-ին կայացած Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Մեկ այլ որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը վաղաժամկետ դադարեցված է համարել Լոռու մարզի Ձյունաշող գյուղական համայնքի ղեկավար Ավագ Վարդանյանի լիազորությունները և որոշել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Լոռու մարզի Ձյունաշող գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին 106 հազար 620 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ նշված գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Նիստում գործադիրը որոշել է նաև ՀՀ կառավարության 2002թ. հունիսի 6-ի N 764-Ն որոշմամբ հաստատված Արագածոտնի Մարզի Ոսկեհատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5 հա այլ հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ հանքարդյունահաման համար, իսկ ջրային հողերից 1.78 հա-ն փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա՝ որպես արոտավայր:







 





 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ